Փետրվարի 14-ին հանրապետության 3 մարզերում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

30BDFC6C-2211-4E06-A97C-E17B9FFC556D_mw800_s2016 թվականի հունվարի 9-ին ուժի մեջ է մտել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ինչով պայմանավորված նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 14-ին:

Ըստ այդմ՝ վաղաժամկետ կդադարեցվեն Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները:

Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիր մարմնի՝ 2016-ի առաջին նիստի օրակարգում:

Փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով:

Ընտրությունների անցկացման համար պետական բյուջեից Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 24,785.9 հազ. դրամ, իսկ ոստիկանությանը՝ 1,954.0 հազ. դրամ։

Դիտվել է 130 անգամ
 


Այս թեմայով