Փաստաթղթերը չեն կանխում պատերազմը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձևի հրատապ նախագիծն ընդունվել է հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ ու ԵԺԿ խմբի օժանդակությամբ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ այս հարցում հայկական պատվիրակությանը միացել են պատգամավորներ Վրաստանից, Մոլդովայից։

«Տեքստը փոխելու որևէ առաջարկություն որևէ պատվիրակություն չի ներկայացրել, և այն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացրել է հայկական պատվիրակությունը», — նշեց Աշոտյանը։

Նկատենք, որ ընդունված բանաձևի համապատասխան կետով Վեհաժողովը կարևորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը:

Աշոտյանի խոսքով՝ ընդունված տեքստը եվրոպական ոճ ու բովանդակություն ունի։

«Փաստաթղթերը չեն կանխում պատերազմը։ Երբեմն լրագրողները հարցնում են, թե գնացիք, ուղերձներ, բանաձևեր ընդունեցիք, բայց մեկ է՝ Ադրբեջանը կրակում է։ Այո՛, փաստաթղթերը չեն կանխում պատերազմը, փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը։ Փաստաթղթերը ստեղծում են քաղաքական կամք այս կամ այն երկրի համար, քաղաքական միջավայր, փաստաթղթերը հետո օգնում են պատժել մեղավորներին։ Սա է դիվանագիտական աշխատանքի վերջնարդյունքը», — ասաց Աշոտյանը։

 


Այս թեմայով