Փաշինյանի պատասխանը Ռուսաստանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հրավիրում է հանրահավաքի։ Այս մասին այսօր առավոտյան նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով։

«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը։ Առաջարկում եմ օգոստոսի 17–ին, ժամը 18։30–ին մեծ հանրահավաք հրավիրենք։

Չգիտեմ` դուք ոնց, ես ձեզ շատ եմ կարոտել։ Ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք։ Կարծում եմ` պետք է կարևոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու»,–ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, որում նա անդրադարձ էր կատարել Հայաստանում վերջին շրջանում ընթացող իրադարձություններին: Լավրովը իր հայտարարությունում նշել էր, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ.«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել էր Լավրովը:

Փաշինյանը հանրահավաք հրավիրելու իր հայտարարությամբ ակնհայտորեն պատասխանում է ՌԴ-ին: Նա օգոստոսի 17-ի հանրահավաքով ցանկանում է ցույց տալ, թե ինչպիսի հանրային աջակցություն է վայելում և որ Ռուսաստանը չի կարողանա ազդել Հայաստանի ներքին իրավիճակի վրա:

Այս թեմայով