Փաշինյանի մեղավորությունը ևս կա, իսկ ՀՀԿ-ն փորձում է մի քանի մանդատ ավել ստանալ

Երեկ ԱԺ նիստում քվեարկության էր դրվել Ընտրական օրեսգրքի նոր նախագիծը, որը չընդունվեց: Politik.am-ը պատճառների և դրա հետևանքով ստեղծված քաղաքական իրավիճակի մասին զրուցել է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ: Վերջինիս խոսքով՝ միայն առաջին հայացքից էր ԸՕ նախագծի չընդունվելը տեխնիկական պատճառով (պատգամավորների մի մասը բացակա էր, և կողմ ձայների քանակը չապահովվեց):

Նրա կարծիքով՝ լավ կլիներ, որ ԸՕ նոր նախագիծն ընդունվեր, սակայն անգամ չընդունվելը խոչընդոտ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Քաղաքագետը, անդրադառնալով ԸՕ նախագիծը մշակող հնաձնախմբի ղեկավար Դանիել Իոաննիասյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ նախագծի չընդունման մեջ մեղավոր էր նաև Նիկոլ Փաշինյանը, ասաց.«Այո, ինչ-որ տեղ հասկանալի է Իոաննիսյանի այդ հայտարարությունը: Փաշինյանը արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ընթացքը՝ գուցե հաշվի չառնելով, որ նախագիծը առաջին ընթերցմամբ կարող է չընդունվել: Բայց, մյուս կողմից, կարծում եմ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ տարի, միևնույն է, նրանք, ովքեր դեմ են, այնժամ էլ դեմ կլինեին»:

Քաղաքագետի խոսքով՝ հավանական պատճառ է նաև, որ Հանրապետական խմբակցությունը այս կերպ փորձում է պահպանել ներկա ԸՕ-ն, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարողանա մի քանի մանդատ ավել ստանալ, որի հնարավորությունը, գուցե, չունենար նոր ԸՕ-ի ընդունման դեպքում.«Սա, իհարկե, անիմաստ քայլ է Հանրապետական խմբակցության կողմից: Նրանք, միևնույն է, նոր խորհրդարանում մեծամասնություն չեն լինելու, ու ընդամենը մի քանի ավել մանդատի համար էլ ավելի են կորցնում ժողովրդի վստահությունն ու հավատը իրենց հանդեպ»:

Քաղաքագետը տարօրինակ համարեց նաև քվեարկության օրը այն պատգամավորների բացակայությունը, ովքեր օրեր առաջ հայտարարել էին, թե սատարում են Փաշինյանին.«Հարց է առաջանում՝ ինչո՞վ է աջակցությունը, եթե ԸՕ նախագծի քվեարկությանը ներկա չեն գտնվում այն դեպքում, երբ դա Փաշինյանի կառավարության առաջարկներից մեկն էր»:

 

Այս թեմայով