Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը. Շարմազանով

Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է:

Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ, սեփական ձախողումը քողարկելու համար կարծում եմ՝ մենք ականատես կլինենք,  այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների կամ սևերի ու սպիտակների հերթական բաժանման:

Պարոն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի  պայքարեք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:

Հա, մեկ էլ մի բան՝ էդ նորմալ ու կիրթ տպավորություն թողած Ալիևը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու, Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Ես սպասում էի Ձեր արձագանքին, բայց Ձեր խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացա լռություն: Մտահոգիչ է, եղբա՛յր:

Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը եղել և մնում է ՀՀ անվտանգության ամրապնդումն ու Արցախի հարցի արդար և հայանպաստ լուծումը», — ասված է Շարմազանովի տարածած հայտարարությունում։

Այս թեմայով