Փաշինյանը տապալեց բանակցությունները. Եվրոպան մերժեց վարչապետի սցենարը

Հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ին ուժ ցուցադրելու համար հազարավոր քաղաքացիներին հանեց փողոց ու շրջափակեց ԱԺ շենքը: Փաշինյանը այս կերպ քաղաքական օրակարգ բերեց ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու գաղափարը:

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժերի հետ բանակցելու նպատակ չի ունեցել, պարզ է դառնում այն մանրամասներից, որոնք երեկ լրատվամիջոցներին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Իր խոսքում Աշոտյանը նկատել էր, որ հոկտեմբերի 2-ի ցերեկը իրենք չեն քվեարկել ու չեն ընդունել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, քանի որ վարչապետ Փաշինյանը դիմել է իրենց, ու սպասվում էին բանակցություններ, սակայն կարճ ժամանակ անց վարչապետը ՀՀԿ խմբակցության ղեկավարին տեղեկացրել է, որ բանակցություններ չեն լինելու, ու ինքը որոշել է դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների:

Փաշինյանը ևս հաստատել է, որ բանակցելու նպատակ չունի.«Երեկ ես ասացի, որ եթե ճիշտ եմ հասկացել՝ խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսօր պարոն Աշոտյանն ակնարկում է՝ հնարավոր է, որ մենք ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում՝ եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում իրար, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը».-լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր Փաշինյանը:

Այն, որ Փաշինյանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունները և հնարավորություն չտալ մյուս քաղաքական ուժերին պատրաստվել դրան, հասկանում են նաև Եվրոպայում:

Հոկտեմբերի 2-ից Երևանում փոխված քաղաքական իրողությունների մասին իր մտահոգություններն է հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան:

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողի հայտարարությունում նշվում է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հստակորեն ցույց են տվել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, մասնակցության ցուցանիշը ցույց է տվել, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը դեռևս ցածր է.

«Հետևաբար՝ չափազանց կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար: Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նորմերին համապատասխան, և որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ և բավականաչափ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար»,- ասված է հայտարարությունում:

 ԵԽԽՎ-ից հնչած այս կարծիքը նշանակում է, որ Եվրոպայում չեն ցանկանում, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին ու կողմ չեն Փաշինյանի կազմած սցենարին:

Որքան էլ Փաշինյանը փորձի հավատացնել բոլորին, որ փողոցում հավաքված հանրությունն է որոշում, ակնհայտ է, որ նա առանց դրսի մեծ խաղացողների հավանության չի կարող գնալ արտահերթ ընտրությունների: Փաշինյանին միայն ներքին լեգիտիմությունը բավարար չէ, ու եթե Եվրոպան հավանություն չտա նրա քայլերին, ապա շատ արագ կլինեն հետևանքներ, որոնք այդքան էլ ցանկալի չեն Հայաստանի համար:

Փաշինյանի գիշերային պլանը, ինչ խոսք, լավն էր, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այն այնքան էլ արդյունավետ չէր: Արտահերթ ընտրություններ իհարկե կլինեն, բայց դրանք չեն լինի այն տեսքով և այն ժամկետներում, որը Փաշինյանն է ցանկանում:

Այս թեմայով