Փաշինյանը վանաձորցիներին «ստրուկի» աշխատանք է առաջարկում

«Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ եւ ավելի մաքուր աշխատավարձով:

Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»,- իր ֆեյսբուքյան էջում շտապել էր արձանագրել իր ահնդիպման արդյունքները վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս գրառումը իշխանական ամբողջ թիմը սկսեց շատ արագ տարածել, որպեսզի հիմնավորի Փաշինյանի  ամիսներ առաջ արած այն հայտարարությունը, ըստ որի 800 հազար անբաններ կան Հայաստանում, ովքեր չեն ցանկանում աշխատել։

Փաշինյանի գրառման տակ  Վանաձորի մի բնակիչ գրել էր, թե ինչու իրականում վանաձորցիները չեն ցանկանում աշխատել այդ ֆաբրիկայում՝ նկատելով, որ նրանց պետք են ստրուկներ։ Epress.am նախորդ տարվա հունիսի 5-ի իր հրապարակումներից մեկում մանրամասններ էր ներկայացրել «Գլորիա» ֆաբրիկայում տիրող իրավիճակի մասին։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է․«Երկու տարբերակներն էլ ճիշտն են․ այո՝ «գաղութային» պայմաններ են, մենք աշխատում ենք զանգով, զանգը խփում է 08:15֊ին, և մենք պետք է այդ ժամին լինենք ստանոկների մոտ։ Ընդմիջման չենք կարող դուրս գալ, մինչև ընդմիջման զանգը չխփի։ Վերջերս ընդմիջման զանգից 2 րոպե շուտ աշխատանքը դադարացնելու համար ժողով արեցին, ու նկատողություն տվեցին դերձակներին։ Չի խրախուսվում աշխատանքի ընթացքում միմյանց հետ խոսելը, խոսողները նկատողություն են ստանում։ Հեռախոսով խոսում ենք, բայց ականջակալներով՝ աշխատելու համար ավելի հարմար է։ Այնուամենայնիվ, «Գլորիան» Վանաձորում եզակի գործող գործարաններից է, այդ պատճառով էլ մարդիկ մնում են։ Աշխատանքի միշտ կարելի է ընդունվել։ Եթե կարել չգիտես, սովորեցնում են և գործի վերցնում։ Աշխատողները հիմնականում 30-50 տարեկան կանայք են և կոնկրետ ֆինանսական խնդիրներ են լուծում իրենց ընտանիքիների համար։

Մեծագույն մտահոգություն աշխատանքային ժամից երկար մնալու համար չվճարվելն է։ Ըստ մեր պայմանագրի՝ պետք է աշխատենք 8:30-ից 17:30։ Ընդմիջումը մեկ ժամ է։ Սակայն մենք մնում ենք երկար, և ընդիմջումը 45 րոպե ենք անում։ Երկար մնալու մասին բողոքներին ղեկավորությունը պատասխանում է, թե դուք ձեր ցանկությամբ եք մնում, չեք հասցնում, մնում եք, որ ձեր գործը կիսատ չմնա։ Իրոք, բրիգադում բոլոր աշխատողների գործերը փոխկապակցված են․ ամեն մեկը մի գործողություն է անում, և եթե դու դանդաղ ես աշխատում, քեզնից հետո աշխատողը գործն էլ է դանդաղում։ Ամեն օր 40-90 բաճկոն պետք է կարենք՝ կախված մոդելի բարդությունից։ Եթե չենք հասցնում, ամբողջ բրիգադն է տուժում։

Մենք բողոքում ենք նաև հանգստյան օրեր չունենալու դեմ։ Նույնիսկ պաշտոնական ազատ օրերին աշխատում ենք, աշխատել ենք ապրիլի 24-ին, մայիսի 28-ին։ Նոր տարուն ազատ ենք լինում, սակայն էդ ամսվա աշխատավարձը քիչ ենք ստանում»։

Այս թեմայով