Փաշինյանը Սարգսյանի լիիրավ ժառանգորդն է

Վերջին սահմանադրական հանրաքվեից հետո ողջ ընդդիմությունը միաբերան պնդում էր, որ գործող նախագահն իր վրա է ձևել նոր սահմանադրությունը: Արդեն յոթ ամիս է՝ Փաշինյանը հագել է Սարգսյանի վրա ձևված սահմանադրությունը ու չի ուզում հանել հագից: Չի էլ հանելու, նունիսկ երբ ստիպված լինի հրաժարվել վարչապետությունից: Դե երբ, իր ասելով, զգա, որ ժողովուրդն իրեն չի վստահում: Բայց սահմանադրությունը դա նրան չի ստիպում, հետևաբար՝ կարող է նաև չզգալ:

Գործող սահմանադրությունը ունիվերսալ հագուստ է՝ բոլորի հագով է ու ով հագնում է, իրեն շատ հարմար է զգում: Այն ոչ մի բանով չի նեղում ու չի խանգարում, մաշվել էլ չունի: Դժվարը՝ հագնելն է, բայց որ հագար, ինչքան ուզես՝ կարող ես չհանել:

Փաշինյանը արդեն երկար ժամանակ է՝ էլ լայվ չի մտնում, նոր տներն ու տան սենյակները, զուգարաններն ու հանդերձապահարանները, հանգստի ու շատ ակտիվ հանգստի պայմանները ցույց չի տալիս բոլորին: էտ կողմերում առանց այն էլ ժողովրդի հետ կապ ունեցող ու Փաշինյանի համար՝ շատ ավելորդ ու անցանկալի աչքեր կան:

Այդ ավելորդ ու անցանկալի ժողովրդի աչքից հեռու, պարզվում է, Փաշինյանը ոչ միայն հարմար տեղավորվել է Սարգսյանի նախկին տանը, լիուլի վայելում է ժառանգած բարիքներն ու արտոնությունը, վայելքի բոլոր ձևերը, այլ նաև հագնում է Սարգսյանի համար կարված, բայց հանդերձարանում «մոռացած» կոստյումները, խալաթները, վերնաշապիկները, փողկապները: Նասկիների մասին նման պնդումներ չկան, բայց նախկին նախագահի հետ սերտ շփվածները հենց այդ հանգամանքով են բացատրում, թե ինչո՞ւ է նոր վարչապետը երբեմն ո՛չ իր հագով զգեստ կրում:

Ամեն ընտրությունից առաջ անպայման փոփոխվող ընտրական օրենգրքի վերաբերյալ նույնպես բոլոր ընդդիմադիրներն ասում էին, որ այն ձևվել է նախկին նախագահի վրա: Վերջին անգամ փոփոխելու ժամանակ նույն այդ ընդդիմադիրների նույնիսկ ամենաանակնկալ առաջարկները ներառվեցին օրենսգրքում:

Գրեթե կես տարի առաջ իշխանությունը փոխվեց, և անցած ամիսներին նոր վարչապետը մի քանի անգամ ապացուցեց, որ հանրապետականների օրոք ընտրված խորհրդարանը ցանկացած հարցի քվեարկութուն կատարում է ճիշտ իր ցուցումով: Իսկ ընտրական օրենսգիրքը, չնայած ցուցադրական ջանքերի, չփոխվեց: Ստացվում է, որ ինչպես Սարգսյանի համար ընտրված խորհրդարանն էր, այնպես էլ նրա վրա ձևված օրենսգիրքն է ունիվերսալ ու խիստ հարմար Փաշիյանին:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլում առավել ցուցադրական է դառնում ընդդիմություն լինելու համար պայքարը: Թվում է՝ թե պայքարելու ի՞նչ կա: Ուզո՞ւմ ես ընդդիմություն լինել՝ եղի՛ր: Մինչդեռ, պարզվում է, որ խիստ անհրաժեշտ է, որ նոր իշխանությունն ինքն ասի, թե ո՞վ է լինելու իր ընդդիմությունը:

Հիմա Փաշինյանի նախկին կողմանակիցներն ու աջակիցները ամեն օր մի քանի անգամ հիշեցնում են նոր վարչապետին, որ ոչ միայն իր հետ չե՛ն քայլել, այլ նաև մի քանի անգամ զանգերին չեն պատասխանել, չտեսնելու են տվել ու չեն բարևել, իր հետ երբեմն համաձայն չեն եղել: Սակայն նոր իշխանության երդվյալ ու կոշտ ընդդիմադիրը լինելու ամենահուժկու ու անբեկանելի փաստարկ այն է մնում, որ իրենք են եղել Սարգսյանի ընդդիմությունը: Եվ եթե Փաշինյանը ժառանգում է Սարգսյանի ամեն ինչը, ապա ինչո՞ւ չպետք է կատարի նաև կտակի այս պահանջը ու իրենց չբաշխի ընդդիմադիր մանդատները:

Փաշինյանը շատ երկար չէր կարողանում դուրս գալ ընդդիմադիրի հոգեվիճակից, բայց հենց հաջողվեց դա անել, անմիջապես դարձավ այն, ինչը մինչ այդ մերժում էր: Նույն արագությամբ ու անսխալականության համոզմամբ հիմա ՔՊ-ն է նմանվում իշխանական ՀՀԿ-ին: Նույն ինքնավստահությամբ ու համոզվածությամբ էլ Հ1-ն է ցուցադրում նոր Հայաստանի պատկերներ, որոնք միայն իր էկրանին են:

Ստացվում է, որ Փաշինյանը Սարգսյանի լիիրավ ժառանգորդն է: Նոր վարչապետը նույնիսկ աշխատաոճն ու պահվածքն է ժառանգել: Այսինքն՝ ընդամենը յոթ ամսում կարողացել է կտրվել իրականությունից, սեփական պատկերացումներն ու ցանկություններն իրականության տեղ ընդունել: Արդեն վիճակագիրներին հրամայել է՝ միայն հաճելի ու դրական տվյալներ հաղորդել իրեն ու ժողովրդին: Իհարկե, կտակի ոչ բոլոր կետերն են առայժմ հայտնի, բայց խիստ հավանական է, որ այսուհետ ևս ամեն ինչ տեղի կունենա ճիշտ նախատեսված ժամանակին:

​​​​​​Տիգրան Ուզունյան

Այս թեմայով