Փաշինյանը, Սանասարյանը և Սարգսյանը ընդդեմ գյուղապետի․ նրանք հաղթեցին

Սեպտեմբեր ամսին լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Համայնքի մի քանի բնակիչներ պահանջում էին համայնքի ղեկավարի հրաժարականը։ Ուրցաձորի համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը 19 տարի է ղեկավարում է համայնքը ու հասկանալի է, որ կլինեին բնակիչներ, որոնք հոգնած կլինեին նրա ղեկավարումից։

Սեպտեմբերի 29-ին համայքն էր գնացել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ըստ համայնքի ղեկավարի հավաստիացումների, հենց Գարիկ Սարգսյանն էր կազմակերպել իր դեմ բողոքի ակցիաները։

«Ջուր եք պղտորում, ուզում եք ձուկ բռնել։ Սա ձեր կոկորդին է կանգնելու»,- մարզպետի հետ հանդիպման ընթացքում ասել էր Ռաֆիկ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ երբեք հրաժարական չի տա:

Համայնքի ղեկավարի այս հայտարարությունից հետո ամբողջ պետական համակարգը սկսեց նրա դեմ աշխատել։ Նախ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Այն համայնքի ղեկավարները, որոնց դեմ բողոքի գործողություններ են կատարվում, և որոնք կարծում են, որ իրենք համայնքի ղեկավար լինելու լեգիտիմ իրավունք ունեն, կարող են հենց իրենք հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել: Մանավանդ, որ բոլորս համոզվել ենք, որ կառավարութունը երաշխավորելու է, որ ընտրությունները 100%-ով արտահայտելու ենք ժողովրդի կամարտահայտությունը: Այնպես որ, եթե որևէ գյուղապետ կարծում է, որ ունի ժողովրդի վստահությունը, նույնիսկ բողոքի գործողությունների ժամանակ ոչինչ իրեն չի խանգարում հրաժարական տալ, արտահերթ ընտրություններին առաջադրվել, ստանալ ժողովրդի վստահության քվեն, որ այդ թեմաները փակվեն»,- գրել էր վարչապետը:

Այս հայտարարությունից հետո գործին է խառնվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Նա էլ իր լիազորությունների շրջանակում արեց ամեն բան, որպեսզի իրենց թիմի անդամին վիրավորող գյուղապետի «կոկորդին կանգնի» իր հայտարարությունը։

Այս պատմությունն իհարկե մեր ուշադրությանը չէր արժանանա, եթե այսքան զավեշտալի չլիներ։ Մի ամբողջ պետական համակարգ, երկու շաբաթից ավել, պայքարում է մի փոքր գյուղի ղեկավարի դեմ։ Ու այդ հաղթանակը մեծ աղմուկով նշում են սոցիալական ցանցերում։ ՔՊ-ական գրեթե բոլոր պաշտոնյաները հպարտությամբ գրում էին իրենց ֆեյսբուքյան էջերում, որ Ուրցաձորի համայնքապետը հրաժարական է տվել։

Այս թեմայով