Փաշինյանը պետք է հրաժարվի հանրապետությունը տանել կրոնապետության ճանապարհով

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ նաև եզդիական համայնքը: Հարյուրավոր եզդի երիտասարդներ դուրս էին եկել փողոց և պահանջում էին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանը միացավ նաև «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը և կոչ արեց իր աջակիցներին միանալ շարժմանը: Politik.am-ը Հայաստանում կատարված հեղափոխության և նոր կառավարությունից եզդիական համայնքի ակնկալիքների մասին խոսել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի հետ:

-Առաջին անգամ էր, որ եզդիական համայնքը ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանի ներքաղաքական կյանքին: Ո՞րն էր սրա պատճառը, չէ որ մինչ այս եզդիները ակտիվ չեն եղել ներքաղաքական կյանքում:

Նախ պետք է նկատեմ, որ եզդիների ակտիվությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նորություն չէ: Գոնե 2011 թվականից, երբ իր գործունեությունը սկսեց մեր կազմակերպությունը եզդիները ամենատարբեր հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են: Նաև մեր կազմակերպության ջանքերի շնորհիվ էր, որ երիտասարդությունը սկսեց իրեն Հայաստանի քաղաքացի զգալ և ոչ թե բնակիչ: Բողոքի այս ալիքին եզդիների մասնակցությունը հատկապես ակտիվ էր, քանի որ ՀՀԿ-ական իշխանության տարիներին կային բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին մենք խոսում էինք, իսկ իշխանությունները անտեսում էին դրանք: Մարդիկ ուղակի դուրս եկան ասելու, որ համաձայն չեն երկրում ստեղծված իրավիճակի հետ ու չեն պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը:

-Իսկ ի՞նչ խնդիրների մասին եք խոսել տարիներ շարունակ, որոնք անտեսվել են իշխանությունների կողմից:

Ես այս պահին չեմ խոսի սոցիալտնտեսական խնդիրների մասին, քանի որ դրանք միևնույնն են ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Այստեղ չկա տարբերություն եզդի, հայ, վրացի կամ ասորի: Բայց օրինակ դպրոցներում եզդի երեխաների կրոնական իրավունքի խախտումը վերաբերվում է միայն եզդիներին, որի մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք: Մենք շատ անգամներ փաստարկված հայտարարել ենք, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի միջոցով դպրոցներում կրոնական քարոզ է իրականացվում, որի հետևանքով եզդի երեխաները դավանափոխ են արվում: Մենք սա համարել ենք և մինչ այս պահն էլ համարում ենք կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականություն: Հետաքրքիր է, որ խնդրի վերաբերյալ մեր բարձրաձայնումներին և ՀՀԿ-ական ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, և ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը համանման պատասխաններ են տվել ու մեզ առաջարկել են չանդրադառնալ այդ խնդրին: Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ նախարարների միևնույն պատասխանը գալիս էր հաստատելու, որ մենք չէին սխալվում և այն պետական խտրական քաղաքականություն էր: Այս խնդրի անտեսումը պետական մարմինների կողմից, շատ գիտակից եզդիների բացասական լիցքերով էր տրամադրում նախորդ իշխանությունների նկատմամբ: Հաջորդ խնդիրը ընտրական օրենսգրքի անկատար լինելն էր, որը թույլ չէր տալիս ազգային փոքրամասնություններին ուղիղ ձևով ընտրել իրենց ներկայացուցիչներին, որոնք իրենց շահերը կներկայացնեն Ազգային Ժողովում:

-Ի՞նչ ակնկալիքներ կան Փաշինյանի կառավարությունից

Արտահերթ ընտրություններն ու տնտեսությունը իհարկե առաջին հերթում են: Իսկ մեր փոքրամասնությունների ու ընդհանրապես մարդու իրավունքների տեսակետից լավ կլինի, որ ամբողջապես հրաժարվեն նախորդ իշխանությունների վարած ծայրահեղական, պահպանողական մոտեցումներից: Հրաժարվեն մեր հանրապետությունը տանել կրոնապետության ճանապարհով: Կարծում եմ Փաշինյանի կառավարությունը պետք է  կարևորի քաղաքացուն և ոչ թե մարդու ազգային կամ կրոնական պատկանելիությունը: Մենք հետևողական ենք լինելու և եթե շարունակվի այն ինչ անում էր ՀՀԿ-ն, մենք միանշանակ մեր գնահատականը տալու ենք, որպես հասարակական կազմակերպություն, որը նախորդ տարիներին ևս չի լռել:  Այս պահին նոր կառավարությանը հաջողություն եմ մաղթում և հույս եմ հայտնում, որ իրեն վստահած ՀՀ քաղաքացիների հույսերը չի կոտրվի:

Այս թեմայով