Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդականից՝ Facebook-ում Տեր-Պետրոսյանի մասին գրառման առնչությամբ

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը, Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:

Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ», — գրել է նա։

Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային հարցեր էր ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․

«Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն 3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:

Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

Այս թեմայով