Փաշինյանը պատրաստվում է Բոլթոնի՞ սցենարով անել «իր քայլը»

Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի  խորհրդական Ջոն Բոլթոնը երևանյան այցի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև Արցախի խնդրի հիմնական լուծման մասին։ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել:

Բոլթոնի այս հայտարարությունից հետո Փաշինյանի ընդդիմախոսները հայտարարեցին, որ հենց Արցախի հարցով է պայմանավորված Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների հապճեպ կազմակերպումը։ Փաշինյանի ընդդիմախոսները պնդում են, որ նա ամեն գնով ցանկանում է ազատվել հին Ազգային Ժողովից, որտեղ ինքը մեծամասնություն չունի և չի կարող կարևորագույն որոշումներ անցկացնել։

Փաշինյանի ընդդիմախոսների հայտարարությունները կարծես այդքան էլ հիմնազուրկ չեն։ Համենայն դեպս, նոր իշխանության քայլերն են այդպես հուշում։ Դեկտեմբերի 6-ին Միլանում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները․«Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա 2019թ. սկզբին և հիմք կնախապատրաստի բարձրագույն մակարդակով բանակցությունների համար»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո։

Փաստորեն, ԱԺ ընտրություններից և Փաշինյանի վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո կկազմակերպվի նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Սա կլինի առաջին նման մակարդակի հանդիպումը, որի առանցքը լինելու է Արցախի խնդիրը։ Այս հանդիպումը կտա շատ հարցերի պատասխաններ և կհստակեցնի՝ արդյո՞ք Փաշինյանը պատրաստվում է Բոլթոնի սցենարով անել «իր քայլը», թե՞ կա այլ պլան, որի մասին դեռ չգիտենք։

Անի Սահակյան

Այս թեմայով