Լրագրողը «տավարի ցավ» է. ՍԱՊԾ մամուլի խոսնակ

Այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Politik.am-ի խնդրանքով, վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ ՍԱՊԾ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, որը հեղափոխության օրերին ծաղրում էր այդ գործընթացը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին, իսկ որոշ ժամանակ առաջ նրան անվանել էր «…ուրացող քրդի շուն, գիշանգղ և անհաջողակ քաղաքական գործիչ»:

«Գեորգի Ավետիսյանի նշանակումը վառ ապացույց է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, որովհետեւ, եթե նայենք, թե ով, երբ, ում է ծաղրել, այդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե բուրժուադեմոկրատական, ոչ թե սոցիալիստական կամ կապիտալիստական հեղափոխության, այլ սիրո եւ համերաշխության: Ձեր ասածը դրա անհերքելի ապացույցն է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Politik.am-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձ էր կատարել մինչ հեղափոխությունը Ավետիսյանի արած գրառումներին և այդ կերպ ի ցույց դրել նրա վերաբերմունքը դեռևս վարչապետ չդարձած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

2015 թվականի  հունիսի 24-ին: Այդ օրերին հազարավոր երիտասարդներ փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում էին չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Հունիսի 24-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր կազմել կենդանի պատ` բռնությունը բացառելու նպատակով (հրապարակումը այստեղ):

Եվ ահա Փաշինյանի այս առաջարկի մասով Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Стена под названием “Шоу слонов трансвеститов”! էն քաղքենին տենց էլ չհասկացավ, որ էժանագին խոդերով, իրա ռեյտինգը չի բարձրանա։ Цирк уехал клоуны остались!»: Ավետիսյանի այս գրառմանը պատասխանել է Փաշինյանի կուսակից Ալեն Սիմոնյանը:

Որքանով որ հասկացանք Ավետիսյանը նախկինում տանել չի կարողացել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին: 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Փաշինյանը նորից փորձում էր կանխել բախումը ոստիկանների և քաղաքացիների միջև, Ավետիսյանը նրան անվանել է գիշանգղ. «Գիշանգղ (стервятник) այս թռչունի որս չի անում, այն սնվում է այլ կենդանիների կողմից սպանված կենդանիների լեշերով: Բայց չեմ կարծում, որ շնորհակալ չի դրա համար, ի տարբերություն…տեսնես հաջորդն ո՞վ ա լինելու»:

Ի դեպ հենց այս գրառման օրը՝ հուլիսի 22-ին էր, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում էր իրավիճակի կառավարումը իր ձեռքը վերցնել և թույլ չտալ բախումներ ժողովրդի և ոստիկանների միջև (այդ օրվա Փաշինյանի ելույթը կարող եք դիտել այստեղ):

Իսկ ահա հեղափոխության օրերին, ապրիլի 14-ին Գեորգի Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում ընթացող հանրահավաքին գրել էր. «Եթե ճիշտ գիտեմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, ուստի այդ միջոցառումների ժամանակ պետք է հնչեն քաղաքական ելույթներ։ Այլ հարց է, որ քաղաքական ելույթդ համեմում ես մեկ , երկու կատակով։ Իմ խորին համոզմամբ, երբ մի հոգի կանգնած է խոսափողը ձեռքին ու փորձում է հումոր անել (թեկուզ վատ հումոր) կոչվում է Սթենդափ քամեդի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա հռետորները հա՛մ քաղաքական հա՛մ էլ հումորի դպրոցից դուրս են մնացել»։

Արդեն ՍԱՊԾ պետ նշանակվելուց հետո Ավետիսյանը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը իր այդ գրառմամբ չի խոսել Նիկոլ Փաշինյանի մասին, այլ ծաղրել է Լևոն Բարսեղյանին:

Եվ ահա այս ամենին վարչապետի տրված գնահատականից հետո ՍԱՊԾ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում կիսում է օգտատերերից մեկի գրառմամբ և գրում.«Ես էլ՝ «…լավ եմ արել, որ գրել եմ, ոչ մի գրածիցս չեմ հրաժարվում»:

Իսկ մամուլի խոսնակի անվերապահ համաձայնությունը ստացած գրառման մեջ ասվում է.«Որոշ տավարի ցավեր զբաղված են նոր կառավարության անդամների ֆեյսբուքը քրքրելով ու նախկինում նրանց գրածների մեջ հակասություններ փնտրելով վարչապետի հետ, մատի փաթաթան սարքելով, սևացնելով, որ չգիտեմ ինչ լինի։ Երևի շատ եք կարոտել խուժան սերժիկներին, ուզում եք հետ գան։ Հիմա հերթը Գեորգի Ավետիսյանինն է։ Լավ է արել, որ ժամանակին քննադատել է Նիկոլին և մյուսներին։ Էդ մարդը քննդատելու իրավունք լիուլի ուներ/ունի։ Հիմա որ վաղը ես էլ պաշտոնավոր դառնամ ու մտնեք իմ ֆբ-ն քրքրեք, ավելի բեթար բաներ կգտնեք գրված Նիկոլի հասցեին, հետո՞։ Լավ եմ արել, որ գրել եմ, ոչ մի գրածիցս չեմ հրաժարվում, ավելին՝ ժամանակը ցույց տվեց, որ ես, Գեորգին ու մյուսները մեր բազում քննադատություններում ճիշտ դուրս եկանք։ Հեղափոխությունից մինչև Նիկոլի դիրքերի վերջնական ամրապնդում ձայն չենք հանել/հանելու ու աջակցելու ենք, որքան կարող ենք, բայց դա չի նշանակում, որ առանց տորմուզի պիտի զզվացնեք։ Լրիվ սարքել եք 37 թիվը․․․»:

Փաստորեն ստացվում է սիրո և հանդուրժողականության հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարության կառույցներից մեկին ներկայացնող մամուլի խոսնակի համար հարց բարձրացնող լրագրողը «տավարի ցավ է», իսկ Փաշինյանի հասցեին հնչած  «քրդի շուն, գիշանգղ և քաղքենի» վիրավորական արտահայությունները համարվում են քննադատություն:

Այս թեմայով