Փաշինյանը մեծ զիջման է պատրաստվում. ինչ կզիջի Հայաստանը Ռուսաստանին

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամրացնել իր իշխանությունը, բայց ԱԺ խմբակցությունները կարծես այդքան էլ համամիտ չեն նրա հետ ու արդեն իսկ հրապարակային հայտարարել են, որ գուցե կողմ չլինեն արտահերթ ընտրություններին: Նման տեսակետ է հայտնել անգամ ԱԺ-ում Փաշինյանի դաշինքի անդամ Արամ Զավենի Սարգսյանը: Վարչապետ Փաշինյանն էլ վերջին մի քանի հանրահավաքների ընթացքում առավել հաճախ է սկսել իր քաղաքական հակառակրոդներին անվանել դիակ, իսկ արտահերթ ընտրությունների դեմ արտահայտվողներին զգուշացրել է, որ նրանք այդ կերպ դեմ են գնում ժողովրդի կամքին ու նման քայլից հետո նրանք էլ կդառնան դիակներ: Իսկ ժողովուրդը չի կարող անվերջ էֆորիայի մեջ լինել ու դա հասկանում է նաև Փաշինյանը: Որքան էլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում  հայտարարի, որ իր կառավարությունը խնդիրներ չունի, բայց հասկանալի է, որ ոչ հրապարակային նա տեսնում է, որ ռեալ պոլիտիկում խնդիրներ ունի և այստեղ ժողովրդահաճո հայտարարությունները չեն օգնի:

Այս պահին Փաշինյանի ամենամեծ հույսը արտաքին աջակցությունն է: Նա լավ  պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունի Ռուսաստանը՝ Հայաստանում: Փաշինյանը նաև գիտակցում է, որ իր կադրային քաղաքականությամբ ՌԴ-ի համար կասկածելի գործիչ է դարձել ու ամեն բան անում է, որպեսզի արժանանա ռուսների բարեհաճությանը: Ահա սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից առավել հաճախ է հիշատակում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, ՌԴ ներկայացուցիչներին թույլ է տալիս մտնել ԱՄՆ-ին պատկանող լաբորատորիաներ, որոնց դռները երբեք բաց չեն եղել ռուսների համար, Փաշինյանը՝ Մոսկվա կարատած այցից առաջ, իր կուսակցության կանոնադրության խախտմամբ, կուսակցության ծրագրից հանում է ԵԱՏՄ-ից դուրս գալու կետը, հատուկ ռուսներին բարեհաճ երևալու համար՝ Սիրիա հայկական զորք է ուղարկում:

Փաշինյանի կառավարության քայլերը հուշում են, որ նա ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը հենց իր մեջ տեսնի հավատարիմ դաշնակցի, ավելի հավատարիմ, քան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին վերցրած: Փաշինյանի այս նպատակը լավ են հասկանում նաև Ռուսաստանում և պարզ է, որ նրանք կփորձեն նոր կառավարությունից աննախադեպ զիջումներ կորզել, որը նրանք անգամ նախկին իշխանություններից չէին կարող կորզել:

Առաջիկայում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Այս այցը լինելու է հենց այդ զիջումների պաշտոնականացումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը անդառնալիորեն կարող է փակել Հայաստանի համար եվրոպականացման դուռը:

Ու այստեղ ցավալին այն է, որ Փաշինյանը՝ ՌԴ հետ հարաբերությունների հարցում չունի ընդդիմախոսներ, անգամ քաղաքացիական հասարակության եվրոպամետ գործիչներն են աջակցում նրան ու այս ֆոնին՝ Ռուսաստանը կարող է ստանալ ավելին, քան հնարավոր էր:

Այս թեմայով