Փաշինյանը խոստացավ և չկատարեց իր խոստումը

Այս օրերին հաճախ է խոսվում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման մասին։ Շատերը կարծում են, որ ՌԴ-ն ոչ գործընկերային քայլ է անում Հայաստանի նկատմամբ՝ թանկացնելով գազը 15 դոլարով։ Բոլորը խոսում են գազի գնի մասին, բայց որևէ մեկը չի փորձում հասկանալ, թե ինչու՞ չի իջնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Չի իջնում այն դեպքում, երբ դա իշխանափոխությունից առաջ խոստացել էր Նիկոլ Փաշինյանն անձամբ։

Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխությունից առաջ, ապրիլի 13-ին, խոսելով Հայաստանի տնտեսությանը առնչվող խնդիրների մասին, անդրադարձ էր կատարել նաև Էլեկտրաէներգիայի սակագնի խնդրին: Այս խնդրի մասին Փաշինյանը  ասել էր.«Երեք տարի առաջ, ժողովրդին ասացին, թե էներգետիկ համակարգում 24 միլիարդ դրամի ճեղք կա՝ հոսանքը պետք է թանկանա: Այդ 24 միլիարդի ճեղքը վաղուց արդեն փակվել է, բայց ոչ մեկը չի մտածում հոսանքի գների իջեցման մասին: Էլեկտրական էներգիայի սակագները Հայաստանում առնվազն պետք է 20 տոկոսով էժանանան»:

Հունիս ամսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ Էլեկտրաէներգիայի սակագինը  կարող է նվազել միայն 2019 թվականի հունվարից և միայն 2,58 դրամով: Եթե անգամ նշված սակագնի նվազումը տեղի ունենա, ապա այն, անգամ «ամենավարդագույն ակնոցի» առկայության դեպքում, չի կարող համարվել առնվազն «20 տոկոսի նվազում»:

Ի վերջո, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում որոշում կայացրեց միայն անապահով ընտանիքների համար այն նվազեցնել 10 դրամով:

2018 թվականի ապրիլի 13-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետք է գնահատել որպես պոպուլիստական։ Գալով իշխանության՝ նա չի իրականացնում իր իսկ տված խոստումները։

Այս թեմայով