Փաշինյանը զանգահարել է Պուտինին, որպեսզի մեղմի իրավիճակը

Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ  ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն և իրականացրել գործողություն․ խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովվեցրել է ոչ միայն երկաթուղու ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։

Այս տեղեկատվության տարածումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Ըստ պաշտոնական տեղեկատվության զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների, բայց հասկանալի էր, որ հանդիպման հիմնական պատճառը եղել է ՊԵԿ դիմակավորված աշխատակիցների ներխուժումը ռուսական ընկերություն: Այս քայլը միանշանակ դուր չի եկել ռուսական կողմին և Սերգեյ Վոլկոյը ամենայն հավանականությամբ վարչապետ Փաշինյանի մոտ էր գնացել հենց ռուսական կողմի դժգոհությունը փոխանցելու:

Հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում գնալով լարվում են: Հասկանալի էր, որ ռուսական կողմը այդքան էլ լավ աչքով չի նայի մի իշխանության, որը ժողովրդավարական ճանապարհով է եկել իշխանության: Փաշինյանի իշխանության գալու ճանապարհն անգամ ռուսներն իրենց համար վտանգավոր են համարում: Չնայած այս հանգամանքին ռուսներն ամեն կերպ փորձում էին իրենց զսպված պահել և պաշտոնական մակարդակով որևէ բացասական հայտարարություն չէին անում: Ռուսական կողմը ԱԳ նախարարի մակարդակով ընդդեմ Հայաստանի գործող իշխանությունների հայտարարություն արեց միայն այն ժամանակ, երբ Հայաստանի իրավապահ մարմինները  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեցին: Խաչատուրովի կալանավորման որոշումը իսկապես առաջացրեց Ռուսաստանի դժգոհությունը։

 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված այս տհաճ պատմությունը ևս կնպաստի հայ-ռուսական հարաբեությունների լարվածությանը: Ընկերության ղեկավարներն ամենայն հավանականությամբ արդեն իսկ հասցրել են իրենց իշխանություններին ամենավառ գույներով ներկայացնել Հայաստանում իրենց հետ տեղի ունեցածը: Եվ ամենայն հավանականությամբ հենց այս միջադեպն էր պատճառը, որը ստիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին   «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենի հետ հանդիպումից հետո զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայաստանի վարչապետը ամենայն հավանականությամբ փորձում է մեղմել իրավիճակը և սա է պատճառը, որը Փաշինյանն իր նախաձեռնությամբ է զանգահարել Պուտինին:

Այս թեմայով