Փանիկում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ ծառայողական քննություն է սկսել

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Փանիկում տեղի ունեցածի ուղղությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Նշենք, որ հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին: «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս-մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել:

Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն խնդրեցին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է, և վստահեցնելով, որ մեղավորները պատասխան են տալու»,- նշեց Շիրակի մարզպետը՝ փաստելով, որ նույնիսկ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է նախատեսված նման միջոցառումների՝ վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:

Հանդիպման ավարտից հետո հրամանատարի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ինքը մարզպետին փոխանցել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ներողությունը դեպքի առթիվ: «Ես այս պահին չեմ կարող ավելի մանրամասն պատասխանել, քանի որ ծառայողական քննություն ենք անցկացնում, իսկ քննության արդյունքներն անպայման ձեզ կհայտնենք»,-նշեց հրամանատարի տեղակալը:

Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում տեղի ունեցած զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով, պայթյուններով: Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժությունների անցկացման վայր երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացվել:

Արմենուհի Մխոյան

Այս թեմայով