Փանիկի դեպքը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. նա կանդրադառնա թեմային

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Վարչապետը ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ թեմային»,- հայտնել է Եղոյանը:

Վերջինս նշել է, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է տեղի ունեցածը: «Ճշտված յուրաքանչյուր մանրուք զեկուցվում է վարչապետին»,- հավելել է Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ պատճառը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են, ովքեր ուսումնամարզական վարժանքներ են իրականացրել:

Փանիկի համայնքապետի հավաստիացմամբ՝ նման վարժանք անցկացնելու մասին իրենց չեն նախազգուշացրել, դրա համար էլ բնակիչները վախեցել են, դուրս են եկել փողոց, վիճել զինվորականների հետ, տեղեկացրել իրավիճակի մասին ոստիկանությանն ու ազգային անվտանգությանը:

Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:

Այս թեմայով