Փայլանը մեղադրել է Էրդողանին երկրի «արդարադատության վերջը տալու» համար

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեղադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի «արդարադատության վերջը տալու» համար:

Փայլանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նախօրեին ժողովրդադեմոկրատները խիստ քննադատության են ենթարկել թուրքական արդարադատության համակարգն ու իշխանություններին՝ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և մի շարք պատգամավորների ազատ չարձակելու համար:

Հայտնի է, որ ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման, ըստ որի Սելահաթթին Դեմիրթաշը պետք է անհապաղ ազատ արձակվի, թուրքական դատարանը չի կատարել պահանջը: Ավելին՝ նախօրեին դատարանը հաստատել է Դեմիրթաշի ու մի քանի քուրդ պատգամավորների ազատազրկման որոշումը մեկ այլ գործի շրջանակում, ինչից հետո Դեմիրթաշը չի կարողանա ազատության մեջ հայտնվել, նույնիսկ եթե ՄԻԵԴ-ի որոշումն ի կատար ածվի:

«Նախագահն ասաց՝ «ՄԻԵԴ-ի որոշմանը չենք ենթարկվի, մեր պատասխան քայլը կանենք, գործը կավարտենք»: Արեց: Արդարադատության վերջը տվեց», — ասել է Փայլանը:

Նա նաև հայտարարել է, որ, անկախ ամենից, իրենք մտահոգվելու խնդիր չունեն, և իրական վախը պետք է զգան հենց իշխանության ներկայացուցիչները, քանի որ ըստ հայազգի պատգամավորի՝ ապագայում մեկ այլ բռնապետական ռեժիմ իրենց իսկ ստեղծած կեղծ արդարադատությունն իրենց դեմ կօգտագործի:

«Վաղը Սելահաթթին Դեմիրթաշի, Իդրիս Բալուքենի, Սըրրը Սյուրրեյա Օնդերի գլխին եկածը ձեր գլխին կգա, մենք նորից ձեզ կպաշտպանենք:

Մենք վախենալու բան չունենք, թող բռնաճնշումներ գործադրողը վախենա», — ասել է Փայլանը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել էր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Այս թեմայով