Փայլակ Հայրապետյանը ունեցվածքը ե՞տ կստանա

dollar1Ինչպես հայտնի է՝ գործարար, հայտնի «օֆշորի գործով» հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին շաբաթներ առաջ ձերբակալել էին Թբիլիսիի օդանավակայանում: Հետագայում նա ասել էր, որ պատրաստվում էր Հայաստան գալ: Այս ձերբակալության ու նրան ՀՀ իրավապահներին արտահանձնելու հեռանկարի մասին օրեր շարունակ լրատվություն էր տրվում: Սակայն փետրվարի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Սուքիասյանը դեռեւս Հայաստան չի հասել: Գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան հավանաբար մոտ 2 ամիս կպահեն Վրաստանում, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք իրենց հանրապետության սահմաններում հանցագործություն չի կատարել: Եթե պարզվի, որ Վրաստանում նա հանցանք չի կատարել, նոր միայն կուղարկեն Հայաստան։ Պրն Հայրապետյանը երեկ էր խոսել քննիչի հետ, ով տեղեկացրել էր, որ 40 օր է տեւում այդ գործընթացը: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝  3 ծանր հոդվածով: «Հույս ունեմ, որ այդ գործընթացներն ավելի կարճ կտեւեն, եւ Սուքիասյանին շուտ կարտահանձնեն Հայաստանին»,-ասաց Հայրապետյանը, ով հույս ունի, որ Սուքիասյանին ձերբակալելուց հետո իր կորցրած ունեցվածքը ետ կստանա։ «Գործը դեռ դատարանում էր, իսկ նրանք իմ ունեցվածքը վաճառեցին, իրենք այդ իրավունքը չունեին։ Դատական գործընթացների ավարտից հետո իմ ունեցածն ինձ պետք է ետ վերադարձնեն։ Վերջիվերջո, սա պետություն է՝ օրենքներ, սահմանադրություն, հանրապետության դատախազ, նախագահ գոյություն ունի»,-ասաց Հայրապետյանը: Նրա համոզմամբ, արդար քննություն է լինելու, մեղավորները պատժվելու են մինչեւ վերջ:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով