Փալասը նախագահի աթոռին

Հայկական6Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ կառավարության նիստի բացման ժամանակ Ուկրաինայի իշխանություններին համեմատեց փալասի հետ: Փոխվարչապետ Ռագոզինը նրան տեղեկացրեց, որ ռուս-ուկրաինական միջկառավարական ինչ-որ հանձնաժողովի նիստ, որ երեկ պետք է տեղի ունենար Կիեւում, հետաձգվել է ուկրաինական կողմի խնդրանքով: Մեդվեդեւը ասաց, որ հետաձգումը հասկանալի է, եւ իրենք, իհարկե, պատրաստ են աշխատել ուկրաինացի գործընկերների հետ, կփորձեն կատարել նախկինում տված խոստումները, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի իշխանությունը լինի լեգիտիմ, լինի տոնուսի մեջ, աշխատի էֆեկտիվ եւ ոչ թե այնպես, որ նրան վերաբերվեն որպես փալասի, որի վրա կոշիկներն են սրբում:

Իր քաղաքական կարիերայի ընթացքում նման արտահայտություններ, այն էլ հարեւան-բարեկամ պետության հասցեին թույլ չտված Մեդվեդեւի կոպտությունը իր հիմքերն ունի: Արդեն երկար ժամանակ Մոսկվայի հասարակական, քաղաքական շրջանակները բացահայտ, իսկ պաշտոնական իշխանության ներկայացուցիչները դիվանագիտական լեզվով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են կտրուկ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել Մայդանում տեղի ունեցող պրոցեսներին վերջ դնելու համար: Յանուկովիչը, ճիշտ է, մի քանի անգամ Մայդանը ցրելու փորձեր արել է, բայց դրանք ոչ միայն արդյունք չեն ունեցել, այլեւ հակառակ էֆեկտն են տվել:

Իսկ վերջին երեք օրերին, երբ շատ թե քիչ կոնսերվացված իրավիճակը նոր ուժով պայթեց եւ գրանցվեցին նոր զոհեր, Մոսկվայի ակնարկ-պահանջը Յանուկովիչի նկատմամբ հստակ էր՝ արտակարգ դրություն մտցնել եւ ներգրավվել բանակը: Փետրվարի 19-ին իրադարձությունները կարծես ընթանում էին հենց այս սցենարով: Վաղ առավոտյան «Բերկուտը» կրկին չկարողացավ ցրել Մայդանի հանրահավաքը: Գրանցվեցին զոհեր: Ուշ երեկոյան Յանուկովիչը պաշտոնանկ արեց բանակի գլխավոր շտաբի պետ, բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Զամանային: Չնայած վերջինիս պաշտոնանկության մասին հստակ բացատրություններ չտրվեցին, բայց կռահումներ դժվար չէր անել: Զամանան այն մարդն էր, ով ապահովել էր բանակի չեզոքությունը ներքաղաքական ճգնաժամի ողջ ընթացքում: Նրա փոխարեն անմիջապես բանակի հրամանատար նշանակվեց ադմիրալ Իլյինը, Անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ողջ Ուկրաինայի տարածքում հակաահաբեկչական գործողություններ են մեկնարկում եւ բանակը ներգրավված կլինի գործողություններում: Սրանից հետո էլ, փետրվարի 19-ի կեսգիշերին սկսվեց բանակային ստորաբաժանումների շարժը երկրի ողջ տարածքով: Եւ այն ժամանակ, երբ գրեթե բոլորին ակնհայտ էր, որ հիմա ուր որ է Մայդանի վրա պիտի սկսվի ոստիկանական, անվտանգության ուժերի եւ բանակի համատեղ գրոհը, Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց զինադադարի մասին: Սկզբից պարզ չէր, թե երբ, որտեղ, ինչպես է կայացվել այդ որոշումը, բայց հետո հասկանալի դարձավ, որ այդ որոշումը Յանուկովիչը կայացրել է միակողմանի, առանց ընդդիմության հետ համաձայնեցնելու: Զինադադարի որոշումը հայտարարվեց փետրվարի լույս 20-ի գիշերը, Երեւանի ժամանակով ժամը 01.30-ի մոտակայքում, եւ թվում էր, թե այդ օրը, որ սուգ էր հայտարարված ողջ Ուկրաինայի տարածքում, համեմատաբար հանգիստ կանցնի: Ամեն ինչ հենց դրան էլ գնում էր. գիշերը անցել էր առանց բախումների, լուսաբացը նույնպես եւ ահա վաղ առավոտյան անհասկանալի լուրեր սկսեցին շրջանառվել, որ Կոնսերվատորիայի շենքի տանիքից ինչ-որ դիպուկահարներ կրակում են ոստիկանների վրա: Սկզբից զոհվեց երկու ոստիկան, ու այդտեղից սկսվեց խառնաշփոթը: Միջազգային լրատվամիջոցները սկսեցին հաշվել Կիեւի փողոցներում թափված դիակները. հինգ, տասը, տասնհինգ, քսան, երեսուն, քառասուն, հիսուն. օրվա վերջում դիակների թիվը հասավ հարյուրի: Մեծամասնությունը տանիքներից որսի դուրս եկած անհայտ դիպուկահարների զոհերն էին:

Ռուսական հեռուստաալիքները այս տեսարանները նկարագրելով անընդհատ հաղորդում էին, որ ուր որ է Կիեւում արտակարգ դրություն է մտցվելու: Յանուկովիչը, սակայն, արտակարգ դրություն չմտցրեց: Եւ այդպես էլ անհայտ մնաց, թե ովքեր են դիպուկահարները, որ կոտորած են սարքել Մայդանին հարակից շենքերի տանիքներից:

 

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով