Ցրտահարության հետևանքները

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել առ այն, որ  ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան։ 

Հաղորդագրությունն անհետևանք չմնաց. Արարատի մարզի Նոր Կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել էր, որ համայնքում ցրտահարության ակնհայտ հետևանքներ են արձանագրվել, և որ գյուղացին կրկին անմխաթար վիճակում է.

«Ցրտահարության հետևանքով տուժել են թե՛ խաղողի և թե՛ ծիրանի այգիները։ Այժմ փորձում ենք գնահատել վնասի չափը, որը կներկայացնենք մարզպետարան։
Սպասելու ենք կառավարության արձագանքին, տեսնենք փոխհատուցում կլինի գյուղացիական տնտեսություններին, թե ոչ»,-ասված էր Գ. Սարգսյանի գրառման մեջ:

Politik.am-ը Նոր Կյանքի համայնքապետարանից տեղեկացավ ցրտահարությանն առնչվող ցուցանիշների մասին:

Համապատասխան հաշվարկներով՝ ցրտահարվել է 30 հա տարածք։ 10 հա տարածքում գրանցվել է 70% ցրտահարություն։ 20 հա տարածքում ցրտահարությունը կազմում է 30-40%։ Պտղատու այգիները նույնպես անմխիթար վիճակում են․ 15 հա տարածքում գրանցվել է  50-60% ցրտահարություն։

Համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ նշված ցուցանիշները ներկայացվել է Արարատի մարզպետարան, և դեռ հայտնի չէ, թե ինչ չափով կփոխհատուցվի վնասը։

 


Այս թեմայով