Ցորենի ներկրման խնդիրը դեռ վերջնական չի լուծվել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչայնը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքին.«Հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:

Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն»,-գրել է նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոս ամսվա ավարտին մեծ աղմուկ բարձրացավ այս խնդրի շուրջ: Բեռնափոխադրողները խնդրի մասին նամակով տեղյակ էին պահել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։ Բարձրացված աղմուկից հետո տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ դեպի Հայաստան ցորենի ներկրման սակագների բարձրացումը կանխելու նպատակով «Հարավկովկասյան» եւ «Վրացական» երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ «Վրացական երկաթուղին» մեր փոխադրողների համար պետք է կիրառեր զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում էր, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

«Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունն էլ հայտարարություն տարածեց, որ Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով։ Որոշումը կայացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ու «Վրացական երկաթուղի» ԲԸ-ն: Բեռնափոխադրողները, սակայն բողոքի ալիք են բարձրացրել՝ նշելով, որ կապվել են երկաթուղու հետ եւ այնտեղից ասել են, որ նման զեղչեր չկան: Եթե խնդիրը լուծում չստանա, բեռնափոխադրողները սեպտեմբերի 15-ին մտադրվել են բեռնատարներով ճանապարհներ փակել:

Փաստորեն կառավարությունը չի կարողացել Վրաստանի հետ զեղչերի մասով պայմանավորվել, անգամ  այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի Հայաստան կատարած այցի ժամանակ:

Այս թեմայով