Տրանսպորտի նախարարը՝ աջ ղեկով մեքենաների արգելման մասին

Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անձամբ է փորձել աջ ղեկով մեքենա վարել եւ համոզվել է՝ հարմարավետ չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրել է Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով աջղեկյան մեքենաների խնդրին։

Նրա խոսքով, աջ ղեկով մեքենաներն արգելելու ժամկետները չեն քննարկվել. «Մարտական չեմ տրամադրված, դա այն խնդիրն է, որ ինչ–որ մի օր պիտի լուծենք։ Եթե ժամանակին չի արգելվել, ապա մի օր պիտի գա, որ կարգավորենք այդ խնդիրը։ Հայաստանը աջակողմյան երթեւեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ։ Մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չկա։ Ժամանակ կտրամադրվի, 20 տարի թե 50 տարի, կոնկրետ բան չկա, բայց քանի որ Հայաստանը հանդիսանում է աջակողմյան երթեւեկության ապահով երկիր, պետք է այդ խնդիրը լուծվի»,–ասաց Վահան Մարտիրոսյանը։

Նա հորդորեց նայել ապագայի մարտահրավերներին եւ չսահմանափակվել «յոլա գնալու» մոտեցմամբ։

«Ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների, այսօր էլ կառավարության նիստում հանձնարարություն եղավ ազատել էլեկտրական մեքենաները գույքահարկից ու մաքսատուրքից։ Եկեք մի քիչ ապագային նայենք, ոչ թե միայն յոլա գնալու ձեւով։ Երկրներ կան, որ հայտարարել են, որ 2025–ից արգելելու են վառելիքով մեքենաները։ Եվրոպական երկիր գնացեք ու հարցրեք՝ կա՞ աջակողմյան մեքենա»,-ասաց նախարարը:

 


Այս թեմայով