Տուլայում ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում. ՀՀ ԱՆ

dsc_0001_2.thumbՌուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ  Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն  այցելել են  Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ,  հանդիպել վթարից տուժածներին, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Տուժածների առողջական վիճակը տեղում գնահատելու նպատակով`
Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ  հրավիրվել է բժշկական կոնսիլիում:

 

Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Նշենք, որ  ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը: Տուժածներն ապահովվել են անհրաժեշտ դեղերով: Նախնական պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները:

 

Այսօր առավոտյան  Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանը մասնակցել են նաև Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի հրավիրված խորհրդակցությանը: Քննարկվել են հետագա աշխատանքները կազմակերպելու հարցերը:

 

Նոյեմբերի 3-ին՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվում է Հանրապետության Նախագահին և վարչապետին:

 

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով