Տուգանք՝ ընտրություններին չմասնակցելու համար

ընտրությունՀոկտեմբերի 2-ին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Ընտրությունները առավել թեժ էին Գյումրի և Վանաձոր քաղաքներում:  Երկու քաղաքներում էլ ձայների մեծամասնությունը ստացել է իշխող կուսակցությունը կամ նրա սատարումը վայելող ուժը: Հետաքրքիր է, որ օրինակ  Գյումրիում  գործող քաղաքապետը ստացել է 14 800 քվե, որը ընդհանուր ընտրողների 11 տոկոսն է, ըստ պաշտոնական տվյալների կա 126 000 ընտրող: Գյումրիում Բալասանյանը կարողացավ հաջության հասնել, քանի որ ընտրողների ճնշող մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին:

Իհարկե շատ ընդդիմադիր գործիչներ կհայտարարեն, որ քաղաքացիների չմասնակցելը բոյկոտի ձև է, սակայն իրականություն այն է, որ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը չգիտի իր ձայնի արժեքը: Մարդիկ չեն հասկանում, որ իրենց չքվեարկած քվեն հնարավորություն է տալու վատ իշխանությանը վերարտադրվել: Որևէ իշխանության համար խնդիր չի լինի ամեն անգամ 126 հազար ընտրողից գտնել 15  հազարին,  ովքեր պատրաստ են քվե տալ նրանց:

Կարծում եմ ընտրություններին չմասնակցող և համայնքի, երկրի ապագան վտանգող քաղաքացիների դեմ կա պայքարի մեկ մեթոդ՝ դա ընտրություններին չմասնակցելու համար տուգանք սահմանելն է: Հիմա որոշ մարդիկ կկարծեն, թե սա ոչ ժողովրդավար առաջարկ է, սակայն իրականություն այն է, որ նման պրակտիկա կա նաև աշխարհի ամենաժողովրդավար համարվող երկրներում: Ընտրություններին չմասնակցելու համար տուգանք է սահմանված Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Լուքսեմբուրգում, Ավստրալիայում և շատ այլ երկրներում:

Ընտրություններին չմասնակցող քաղաքացիները կամ տուգանվում են, կամ զրկվում են ձայնի իրավունքից:  Ավստրալիայում ժամանակին անգամ կիրառվում էր մի քանի օր տևող կալանք: Ընտրություններին չմասնակցելու համար պատժելը բերեց նրան, որ այս երկրների քաղաքացիների համար պարտադիր դարձավ ընտրություններին մասնակցելը: Կարծում եմ Հայաստանը ևս պետք է գնա այս ճանապարհով, որպեսզի մարդիկ իրենց պասիվությամբ հնարավորություն չտան վատ իշխանություններին վերարտադրվելու:

Հ.Գ. Այս գաղափարը հատկապես պետք է հետաքրքրի ընդդիմադիր ուժերին և լավ կլինի, որ մինչ 2017 թվականի ԱԺ ընտրությունները նման նախագիծ ներկայացվի ԱԺ:

Բորիս Մուրազի

Դիտվել է 323 անգամ
 


Այս թեմայով