Տնտեսության մեջ չկա մի ոլորտ, որում մենք չունենանք խորացված պրոբլեմներ

Թռիչքաձև աճի մասին խոսելն ավելորդ է, որովհետև, իմ կարծիքով, տնտեսությունը էական տեղաշարժ չունեցավ,-Politik.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ խոսելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքաձև աճի մասին.«Խնդիրն այն է, թե մենք կոնկրետ ինչ հեռանկար ենք ակնկալում, ինչ տնտեսական ցուցանիշներ ու կառուցվածք ենք ակնկալում, ինչ ռազմավարություն ենք ակնկալում: Այս պահին ես հստակ բան չեմ տեսնում»:

Տնտեսագետի կարծիքով՝ կառավարությունը պետք է ներկայացնի ծրագիր, որում կերևա՝ ինչ նպատակներ ունի, ինչ խնդիրներ է դնում իր առաջ, որ ոլորտներն է համարում ռազմավարական, ինչ արդյունք է ակնկալում, ինչ ներուժ ունենք դրան հասնելու համար, և ինչ քայլեր են պետք այդ ամենը կատարելու համար.

«Ես տնտեսության զարգացման հետ կապված որևէ բան քայլ չեմ տեսնում: Վերջին 7 ամսվա ընթացքում չի եղել որևէ արտադրանքի սկիզբ, որը համաշխարհային շուկայում մրցունակ է:  Այ եթե մենք ամեն օր նոր, փոքր արտադրություն սկսենք, որը արտահանման պոտենցիալ կունենա, կարող ենք ասել, որ կա փոփոխություն: Բայց այժմ ո՛չ հարկային փոփոխություններ, ո՛չ եկամտահարկի, ո՛չ գիտական ոլորտի զարգացման ուղղված քայլեր չկան: Հայաստանն այսօր տեխնոլոգիական բարձր կարգի դելալ չի կարող արտադրել, որովհետև չունի համապատասխան սարքավորումները: Թե ի՞նչ ձևով է պատկերացնում տեխնոլոգիական արդյունաբերությունը ձևավորելը, ինձ համար դժվար է խոսել այդ մասին, քանի որ որևէ հստակ բան չկա: Եթե դա պետք է արվի թեթև արդյունաբերության ոլորտի ընդլայնմամբ, դա չեղավ տեխնոլոգիական արդյունաբերություն, դա եղավ թեթև արդյունաբերության ոլորտի զարգացում»,-ասում է տնտեսագետը:

Կարեն Ադոնցը առաջարկում է նաև որոշ քայլեր.«Առաջին հերթին պետք է հստակ դրվի՝ տնտեսության մեջ չկա մի ոլորտ, որում մենք չունենանք խորացված պրոբլեմներ: Մենք պետք է գնահատական տանք՝ որ հատվածներում ունենք կիսադեգրադացված, կիսակայացած վիճակ: Երկրորդը՝ պետք է հստակ հասկանանաք՝ որն է, օրինակ, 5 տարի հետո լինելու մեր նպատակային  կետը: Երեք անգամ ավելացնու՞մ ենք բյուջեն, ՀՆԱ-ի ծավալները, գոնե, թե՞՝ չէ: Նպատակը դնելուց հետո պետք է հասկանալ՝ ունե՞նք համապատասխան ներուժ, որ այդ ամենը ապահովենք: Եթե մենք այս կառուցվածքը հստակ տեսնենք»:

Ըստ Կարեն Ադոնցի՝ այս ամենը կատարելու պատասխանատուն պարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տնտեսական թիմն են.«Խոսքը ոչ թե աշխատել-չաշխատելու մասին է, այլ հասկանալու, թե ինչ է արվելու, որպեսզի հանրությունն ու մասնագետներն էլ իմանան ու իրենց կարծիքն արտահայտեն՝ հնարավո՞ր է դա, թե՞՝ ոչ, ու փորձեն շտկումներ մտցնել, ինչ-որ առաջարկություններ անել»:

Տնտեսագետն ասում է, որ զուտ խոսակցությունների մակարդակով տնտեսական հեղափոխություն, կառուցվածքային փոփոխություններ, գիտական արդյունաբերություն, ռազմարադյունաբերություն չեն լինի: Պետք է լինեն հստակ ծրագրեր, նպատակներ, քայլեր, ներուժ.«Ցանկությունից բացի պետք է նաև պրոֆեսիոնալիզմ լինի: Գուցե կա ցանկություն, որ երկիրը արագ զարգանա, բայց դրա համար պետք է ճիշտ աշխատել: Տնտեսությունը քաղաքականություն չէ. այստեղ խոսքի հետևում պետք է գործ լինի և երևա»,-եզրափակեց Կարեն Ադոնցը:

 

Այս թեմայով