Տհաճ անակնկալ Ալիեւի համար

aliev«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին որոշում չկա, եւ նման հարց չի քննարկվել: Սերժ Սարգսյանն ԱՄՆ է մեկնում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար: Այնտեղ է լինելու նաեւ Իլհամ Ալիեւը, ինչը փորձագիտական շրջանակներին հիմքեր տվեց եզրակացնելու, որ ԱՄՆ Ալիեւին էլ հրավիրում է Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպելու համար, առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը արդեն մի քանի ամիս հայտարարում է, որ ցանկանում են վերսկսել նախագահների պարբերական հանդիպումները: Վերջին անգամ նրանք հանդիպեցին դեկտեմբերի վերջին Բեռնում: Այնուհանդերձ, այդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները խոսում են հակառակ մթնոլորտի եւ տրամադրվածության մասին, առնվազն Ադրբեջանում, քանի որ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ սուր քննադատության է ենթարկել Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց մեղադրելով Հայաստանին պաշտպանելու համար: Այս իմաստով շատ հետաքրքրական է նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ակնարկը, այն մասին, որ Ադրբեջանը հավանաբար Ռուսաստանին չի մեղադրում:

Զախարովան իրեն հարց տված հայաստանցի լրագրողին հորդորել էր Ադրբեջանից ճշտել, թե հատկապես որ համանախագահին նկատի ունի: Դատելով այն բանից, որ Բաքուն այսօր մերժում է շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմ ներդնելու առաջարկը, որի հեղինակն ԱՄՆ-ն է, կարող ենք եզրակացնել, որ Ալիեւը դժգոհ է եւ մեղադրում է ԱՄՆ-ին: Առավել եւս, որ Մոսկվայի հետ նրա հարաբերությունները շարունակում են լինել բարեկամական եւ դրսեւորվել սպառազինության առեւտրի տեսքով:

Այնուհանդերձ, Ալիեւը մեկնելու է ԱՄՆ, սակայն դա իհարկե անպայմանորեն չի նշանակում Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն: Պարզապես Ադրբեջանի նախագահն անշուշտ չի կարող անտեսել Օբամայի հրավերը, քանի որ դա շանս է փոքր-ինչ վերականգնել Արեւմուտքի հետ հարաբերությունները: Բանն այն է, որ չնայած ՌԴ հետ համագործակցությանը, Ալիեւը, իհարկե, շատ լավ է հասկանում, որ ՌԴ վրա որեւէ հարցում հույս դնելը անմտություն է: Եվ այդ իսկ պատճառով նա Մոսկվայի հետ հարաբերությունները կփորձի օգտագործել ընդամենը Արեւմուտքի հետ առեւտրի համար: Կստացվի թե ոչ՝ այլ հարց է: Դատելով առկա իրավիճակից՝ Ալիեւի մոտ գոնե ստացվում է հրադադարի մեխանիզմը մերժելը: Իսկ այդ մեխանիզմը ըստ էության կապելու է նրա կրակող ձեռքերը եւ թույլ չի տալու այլեւս ապակայունացնել իրավիճակը եւ դրա վրա միավորներ հավաքել:

Այդ մեխանիզմի օգտին, ի դեպ, արտահայտվում են բոլորը՝ բացի Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից: Այս կապակցությամբ պետք է ենթադրել, որ մեծ արդյունք չի տվել ԱՄՆ պետքարտուղար Քերիի մոսկովյան այցը: Դժվար է ասել, թե դրանում կոնկրետ ինչ չափով են քննարկվել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրները, սակայն այն, որ ՀՀ խոսնակը հայտարարում է Ալիեւի հետ հանդիպման հարց չլինելու մասին, հուշում է, որ առայժմ չի հաջողվել որեւէ պայմանավորվածության հանգել ԱՄՆ-ՌԴ մասշտաբում: Իսկ եթե չլինի նման պայմանավորվածություն, ապա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կարող որեւէ կերպ նշանակալի լինել: Եվ եթե այդ հանդիպումը նշանակալի չի լինելու, ապա ԱՄՆ-ը հազիվ թե գնա դրա կազմակերպման, այն էլ՝ Վաշինգտոնում:

Այդ տեսանկյունից, առավելագույնը երեւի թե պետք է հուսալ, որ ամերիկյան կողմը կփորձի Ալիեւի հետ, այսպես ասած, առանձին բացատրական աշխատանքի միջոցով հասնել որեւէ առաջընթացի հրադադարի պահպանման հարցում: Իհարկե, եթե չկա ՌԴ հետ համաձայնություն, ապա Ալիեւը կարող է բավական արդյունավետ դիմադրել՝ օգտվելով այդ հանգամանքից, սակայն, ինչ խոսք, պետք չէ բացառել նրա համար որեւէ տհաճ անակնկալը Վաշինգտոնում՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչպես 2014 թվականի սեպտեմբերին Նյու Պորտում ԱՄՆ ջանքերով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Քերին րոպեներ շարունակ անտեսում էր դռան շեմին իրեն սպասող Ալիեւին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 232 անգամ
 


Այս թեմայով