ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.08%-ը

Այսօր` նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  ժամը 11։00–ի դրությամբ մասնակցել է 49020 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 10.08%-ը։

Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։

Մասնակցության ամենաբարձր՝ 31.77 % ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում.  այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 129 ը։

Ամենացածր մասնակցության ցուցանիշը 1.18% գրանցվել է Լճավան համայնքում, որտեղ  424 ընտրողներից մասնակցել են 5–ը։

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված է մեկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ են:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:

 


Այս թեմայով