Home » ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ » Տիգրան Նաղդալյանի սպանության առեղծվածը

Տիգրան Նաղդալյանի սպանության առեղծվածը

001Եվ ձեռագիրն է նույնը, եւ հեղինակները Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ ընթացող նախաքննության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններն ու մամուլում տպագրված տարակարծիք տեղեկությունները վերլուծելով՝ կարելի է բավարար չափով պատկերացում կազմել, թե ինչ մանրակրկիտությամբ է այն նախապատրաստվել եւ, որ կարեւոր է, թե ի սկզբանե որն է եղել հետին նպատակը: Սպանության նախապատրաստական գործողությունները առողջ վերլուծության ենթարկելիս՝ կարելի է նաեւ տրամաբանական կապ գտնել առաջին հայացքից այս հանցագործության հետ կապ չունեցող, նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած ու մինչ այժմ չբացահայտված մեկ այլ ոճրագործության դրդապատճառի հետ, որը, ըստ երեւույթին, կատարվել էր միայն այն բանի համար, որպեսզի դրանով կանխվեր հետագայում Տիգրանի սպանության կապակցությամբ հնարավոր միջազգային աղմուկն ու դրանից բխող հետեւանքները: Բայց այս մասին կանդրադառնամ առաջիկայում, ինչպես նաեւ կփորձեմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ խորհուրդ տալ նախաքննության մարմնի ղեկավար պրն Սարդարյանին (մանավանդ՝ անձնական շնորհակալություն ունեմ հայտնելու այն բանի համար, որ իր հետ ունեցած զրույցից հասկացա, որ գլխիս ճարը տեսնեմ՝ «թռնեմ»): Իսկ այժմ առաջարկում եմ միասին փորձենք զուգահեռներ անցկացնել Նաղդալյանի սպանության եւ վերջին մի քանի տարիներին Հայաստանում տեղի ունեցած այլ քրեական գործերի միջեւ եւ հարց տանք ՀՀ դատախազությանը. «Պարոնա´յք իրավապահներ, չափից ավելի շատ չե՞ն արդյոք զուգադիպություններն ու նույնանման ձեռագրերը ու նաեւ՝ դերակատարները»: Եվ այսպես, Նաղդալյանը սպանվում է իր հայրական տան շքամուտքում դարանակալած ահաբեկչի (ների) կողմից: Ըստ նախաքննության մարմնի եւ սպանությունը կատարողների ինքնախոստովանական ցուցմունքների, սպանությունը կատարել են Ղարաբաղի քաղաքացիներ, որոնք մինչ այդ սոցիալապես վատթարագույն վիճակում ապրած, Ղարաբաղի պատերազմին մասնակցած, այսինքն՝ արյուն տեսած եւ բացարձակապես տարրական կրթությունից զուրկ անձնավորություններ են: Այս դեպքի առիթով կարելի է եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես էին ԼՂՀ-ից ժամանած անգրագետ ու աղքատիկ պայմաններում ապրող Հրայր Վարմանյանն ու Արթուր Ամիրբեկյանը ՀՀ դատախազության կողմից մեղադրվում 1998-ի դեկտեմբերի 10-ին Երեւանի մեկ այլ շքամուտքում դարանակալելու եւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունուն սպանելու համար: Այս երկու դեպքերում զուգադիպում է նաեւ այն հանգամանքը, որ ինչպես Խորխոռունու, այնպես էլ Նաղդալյանի դեպքում նախաքննության քննչական մասը հանձնարարվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես, թե´ այն ժամանակ, եւ թե´ այժմ քննչական խմբում ամենաակտիվ դերակատարումը դրվել է ՀՀ քննիչ Հակոբ Բաբայանի վրա: Իսկ ահա նախաքննության օպերատիվ հետախուզական մասը այն ժամանակ դրվել էր ՆՆ 6-րդ վարչության պետի տեղակալի վրա, իսկ այժմ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության պետի վրա. երկուսի դեպքում էլ խոսքը միեւնույն անձնավորության՝ Հրաչյա Հարությունյանի մասին է: Հետաքրքիր է նաեւ այն, որ թե´ Խորխոռունու, թե´ Նաղդալյանի սպանության գործերով նախաքննության մարմնի (տվյալ դեպքերում երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ պատվիրատուի) կողմից որպես թիրախ ընտրված էր Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ, միայն այն տարբերությամբ, որ Նաղդալյանի գործով թիրախը Վազգեն Սարգսյանի եղբայրն է՝ Արմեն Սարգսյանը, իսկ Խորխոռունու դեպքում՝ դարձյալ Վազգեն Սարգսյանի, բայց ոչ հարազատ եղբայրը, այլ նրա թիկնազորի պետ, այժմ հանգուցյալ Մովսես Գեղանգուլյանը: Ասածս երեւի շատերի համար նորություն լինի, բայց համոզված եղեք, այն նորություն չէ Աղվան Հովսեփյանի եւ Հրաչյա Հարությունյանի ղեկավարած գերատեսչությունների համար: Հարցրեք Վահան Շիրխանյանին. վերջինս պետք է հաստատի, թե ինչպես էր Խորխոռունու սպանության հաջորդ առավոտյան Վազգեն Սարգսյանը փակվել նախագահական ամառանոցի իր բնակարանում եւ ինքնին որոշում կայացնում, որ պիտի հրաժարական տա: Եվ միայն Վահան Շիրխանյանի կողմից Աղվան Հովսեփյանին ամառանոց բերելուց ու անձամբ նրանից Մ.եղանգուլյանի ՀՀ դատախազությունում գտնվելու հանգամանքին ծանոթանալուց հետո է Վազգենը հրաժարվել իր մտադրությունից: Պարզվել է, որ Խորխոռունու գրպանային հեռախոսի վրա գրանցված վերջին հեռախոսազանգերից մեկը Մովսես Գեղանգուլյանի բջջային հեռախոսից է եկել, եւ միայն այդ պատճառով են նրան ընդգրկել որպես վկա եւ հարցաքննել: Սակայն այստեղ տարօրինակն ու կասկածելին այն է, որ Մովսեսը պատահական, շարքային քաղաքացի չէր եւ դժվար թե առանց հետին նպատակների հարցաքննությունը ժամերով ձգձգեին, իսկ այդ ընթացքում Վազգենի ականջին հասցնեին, թե նա կասկածվում է որպես սպանության պատվիրատու եւ ձերբակալված է: Հաշվի պետք է առնել նաեւ այն հանգամանքը, որ նման կեղծ տեղեկություն Վազգենի ականջին հասցնելը հենց էնպես չէր կարող տեղի ունեցած լինել եւ, ուրեմն, անպատճառ, հատուկ ծառայություններին բնորոշ ոճով նախապես մասնագիտական ուսումնասիրության ու վերլուծության է ենթարկվել այն, թե նման հանգամանքում ինչ դիրքորոշում կցուցաբերեր Վազգենը, եւ, երեւի թե, բարեբախտաբար (հաշվի առնելով «Հոկտեմբերի 27»-ը կարելի է ասել դժբախտաբար) Վազգենին է այցելում Շիրխանյանը եւ կանխում դավադրությունը: Հասկանալի է, որ իրադարձությունների նման ընթացք ստանալուց հետո Խորխոռունու սպանության գործով նախաքննության մարմինը չէր կարող սլաքը ուղղել դեպի Մովսեսը: Սակայն Տիգրան Նաղդալյանի սպանության գործով իբրեւ պատվիրատու ներկայացվող Արմեն Սարգսյանի դեմ ուղղված «փաստերը» մեզ հուշում են, թե Խորխոռունու սպանության գործը ինչ ընթացք կստանար, եթե հրաժարական տար Վազգենը: Այսօր մենք չգիտենք՝ Խորխոռունու գործով այն ժամանակ ձերբակալվածները կենդանի են, թե՝ ոչ: Չգիտենք նաեւ, թե նրանք ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած ժամանակահատվածում ունեցե՞լ են ծանոթ, որը կարող էր մտերիմ հարաբերությունների մեջ գտնված լինել Մովսես Գեղանգուլյանի հետ, ինչպես Նաղդալյանի սպանության անմիջական կատարողներն են ընդհանուր ծանոթ ունեցել Արմեն Սարգսյանի հետ: Միգուցե Խորխոռունու սպանության մեջ մեղադրվողներն էլ են իրենց ինչ-որ ծանոթի հետ 1998-ի դեկտեմբերի10-ին նախորդող օրերին այցելել Մովսեսին՝ ընդամենը որպես ճանապարհի զրուցակից: Չենք կարող ասել, եթե Վազգենը հրաժարական տար, ապա Մոսոյի հարցաքննությունը կշարունակվեր որպես վկայի, թե արդեն՝ կասկածյալի, ասենք, միայն այն բանի համար, որ կալանավորված ղարաբաղցիները ցուցմունք տային, որ սպանությունից առաջ կամ հետո իրենք իրենց մի ծանոթի (ինչպես Նաղդալյանի դեպքում՝ Հարությունյան Լեւոնի ու «Ապերի») հետ այցելել են Մոսոյին, այդ ծանոթը Մոսոյի հետ առանձնացել է, իսկ հետո իրենց է հանձնել խոշոր գումար՝ Խորխոռունու սպանության համար: Այո, մենք այս ամենը չենք կարող ասել թեկուզ միայն այն բանի համար, որ հարգում ենք «անմեղության կանխավարկածը», բայց մենք կարող ենք հաստատապես ասել, որ պատերազմին մասնակցած, արյուն տեսած եւ, որ կարեւոր է, տարրական կրթությունից զուրկ ու սոցիալապես վատ վիճակում գտնվողներին դժվար չէ գայթակղել սպանություն կատարելու միջոցով միանգամից հարստանալու խոստումով: Մենք կարող ենք հաստատապես ասել նաեւ, որ նման անգրագետների համար «ծովը ծնկներից է», եթե նրանց ներկայացվում է, որ սպանության պատվիրատուն հզոր ու անպարտելի մարդ է: Մենք կարող ենք, հիմնվելով աշխարհում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի վրա, ասել, որ հատուկ ծառայություններին բնորոշ գործելաոճ է, երբ որեւէ ծանր հանցագործություն կատարածներից ոմանց (մասնավորապես՝ սառնասիրտ մարդասպաններին) դիտավորյալ չեն կալանավորում, այլ, մշտապես պահելով իրենց հսկողության տակ, հարկ եղած դեպքում նրանց են նետում հրաշալի զարդարված խայծը, որը հեշտությամբ են կուլ տալիս հատկապես անգրագետները: Մենք չենք բացառում, որ Նաղդալյանի գործով մարդասպաններին ենթարկեն «ստի դետեկտորի» միջոցով հարցաքննության եւ որ վերջիններս կրկնեն այն, ինչը պնդում են այժմ գրավոր հարցաքննության ժամանակ: Բայց մենք հաստատապես կարող ենք ասել, որ եթե մարդասպաններին «միջնորդը» ուղեկցում է ինչ-որ տեղ, նրանց թողնելով մեքենայում ինքը այցելում է ինչ-որ անձի եւ վերջինիս մոտից դուրս գալուց հետո նստում մեքենան ու մարդասպաններին տալիս մինչ այդ սեփական գրպանում եղած դոլլարներն ու հայտնում, որ այն հենց նոր վերցրեց հյուրընկալողից, եւ որ վերջինս ցանկանում է Նաղդալյանին սպանված տեսնել, ապա, նման դեպքում, անգրագետ մարդասպանների մոտ այն որպես 100 տոկոսանոց ճշմարտություն պիտի տպավորվի: Այնպես որ, ավելի ճիշտ կլինի «ստի դետեկտորը» օգտագործել Լեւոն Հարությունյանի եւ «Ապերի» հարցաքննության ժամանակ: Ի դեպ, կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ վերջինս 10 օր հետախուզման մեջ էր եւ այդպես էլ անհայտ մնաց, թե որտեղ էր թաքնված եւ ինչպես ձերբակալվեց: Այս հանգամանքում կասկածելին այն է, որ չի բացառվում, որ «Ապերին» «ձերբակալել են» (ավելի բնորոշ է՝ առեւանգել են) մարտի 5-ին՝ բազմաթիվ ցուցարարների հետ միասին, իսկ որ «քրեական տղերքի» համար 10 օրը բավական է ցանկացած ամրակազմ տղայից ցանկալի ցուցմունք ստանալու եւ հետագայի համար նախապատրաստելու՝ նույնպես չի բացառվում (ասենք, օրինակ՝ հարցաքննությունը նկարահանող տեսախցիկի թվագրման ռեժիմն էլ նախապես առաջ տրվեր եւ մարտի 8-ի փոխարեն գրանցվեր մարտի 18-ը): Պետք է հաշվի առնել նաեւ, որ եթե իրականում «Ապերը» ոչ թե թաքնված եղել, այլ առեւանգված է եղել, ապա այդ հանգամանքը «քրեական տղերքին» հնարավորություն էր տալիս ամենադաժան միջոցներով ստիպել առեւանգվածին, ընդհուպ մինչեւ մահվան հասցնելը, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, նա գտնվում էր հետախուզման մեջ, եւ եթե մեռներ, ապա այդ հանգամանքը նույնպես կնպաստեր նախաքննության մարմիններին. նախ հասարակական կարծիք ձեւավորելու, թե տեսեք՝ մենք հետքի վրա էինք, իսկ պատվիրատուն(ները) սպանեցին, որպեսզի թաքցնեն դեպի իրենց տանող հետքը, եւ հետո՝ այդ հանգամանքը կարող էր օգտագործվել մյուս «միջնորդի» մեղքը թեթեւացնելու առումով, ասենք, օրինակ՝ Լեւոն Հարությունյանը այդ ժամանակ ցուցմունք կտար, որ «Ապերն» է գլխավոր դերակատարում ունեցել, իսկ ինքը՝ ընդամենը տեղեկացված անձ է եղել, եւ այդ ամենի համար նա կհայտնվեր ոչ թե Վանո Սիրադեղյանի «գործով» Վահան Հարությունյանի կարգավիճակում եւ ապագա դատավարության ժամանակ 2 տարի նստելու պայմանով 6 տարի կստանար, այլ կհայտնվեր «ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ լսել եմ. Արծրուն Մարգարյանն էր (նախապես սպանված) նրանց հետ հիմնական զրուցողն ու հանձնարարություններ տվողը (Տեր-Սահակյանի գործով)» արտահայտություններ անող ու ցուցմունք տվող Հրանտ Պապիկյանի դերում: Ես բազմիցս անդրադարձել ու հիմնավորել եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մասնագիտացված է որպես սպանության պատվիրատու ընտրված թիրախի դեմ մեկ անձի ցուցմունքով գործ «թխելում»: Խոսքը Վահրամ Խորխոռունու եւ Նաղդալյանի սպանության մեջ առկա զուգահեռներին է վերաբերվում: Ավելացնենք միայն, որ այս գործում էլ, քննչական խմբից բացի, կրկնվում են նաեւ օպերատիվ-հետախույզները: Քրեական հետախուզության ցանկացած պրոֆեսիոնալի (ոչ բարձրաստիճան կամակատարի) հարցրեք. նրանք կհաստատեն, որ հանցագործության դեպքի վայր ժամանած մասնագետները առաջին հերթին առաջնորդվում են երկու ուղիով. առաջին՝ պարզել զոհի ինքնությունը, որպեսզի վերլուծությունների ենթարկվի եւ ճշտվի, թե ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել, եւ երկրորդ՝ անմիջապես ձեռնամուխ լինել, վերհիշել, արխիվներից հանել կամ հարցումների միջոցով պարզել, թե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ նույն ձեռագրով կատարված հանցագործություն կա՞, թե՝ ոչ: Հենց այդ հանգամանքով է բացատրվում քրեագետների այն պնդումը, որ առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց բացահայտելը ավելի դժվար է, քան «պրոֆեսիոնալի» կատարածը: Իսկ հետքեր փնտրել ու հիմնվել բոլոր տեսակի տրամաբանությունից զուրկ հետքերի վրա՝ չի կարելի, քանզի դրանք կարող են, եւ շատ հաճախ, կեղծ են լինում դիտավորյալ շեղելու կամ ուղղորդելու նպատակով: Իսկ Լեւոն Հարությունյանի եւ «Ապերի» տված ցուցմունքները մեզ իրավունք ենք տալիս կասկածելու, որ դրանք դեպի Արարատ ուղղորդող կեղծ հետքեր են, քանզի երկաթյա տրամաբանությունը հուշում է, որ «Հոկտեմբերի 27-ի» զոհ դարձածի իրավահաջորդ արարատցուն չէր կարող ձեռնտու լինել Նաղդալյանի սպանությունը: Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ 23 ապրիլ, 2003

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 609 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy