Տեղի ունեցավ ԱՄՆ Հանրապետական կուսակցության երիտասարդ հանրապետականների ազգային ֆեդերացիայի հավաքը

11880339_10153162552523406_1052194412_nԱմերիկայի Միացյալ Նահանգների Չիկագո քաղաքում օրերս տեղի ունեցավ ԱՄՆ Հանրապետական կուսակցության երիտասարդ հանրապետականների ազգային ֆեդերացիայի հավաքը, որին մասնակցում էր Եվրոպական պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի խորհրդի անդամ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը: Հավաքի օրակարգը բավական հագեցած էր, տեղի ունեցան ԱՄՆ Երիտասարդ հանրապետականների նախագահի և գործադիր մարմնի ընտրություններ, մի շարք սեմինարներ, կոնֆերանսներ, քննարկումներ: Անդրադարձ եղավ աշխարհում տեղի ունեցող կարևոր և արդիական մի շարք քաղաքական, սոցիալ-տնտեսական տարաբնույթ հարցերին: Վերոնշյալ հավաքի մասնակիցները ԱՄՆ նահանգների պատվիրակություններն էին, կոնգրեսմեններ, այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, միջազգային պատվիրակներ աշխարհի ավելի քան 15 երկրներից, իսկ մասնակիցների և պատվիրակների ընդհանուր թիվը գերազանցում էր 600-ը: Միջոցառմանն իր խոսքում Արմեն Արզումանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց նմանատիպ միջոցառումներին միջազգային պատվիրակների ներգրավումը, քանի որ այդկերպ երկրների քաղաքական կառույցների միջև համագործակցության յուրօրինակ հարթակներ են ստեղծվում, նա անդրադարձավ ինչպես Հայաստանի Հանրապետությունում տիրող տնտեսական, սոցիալական, քաղաքական իրավիճակին, այնպես էլ տարածաշրջանային, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, Եվրոպական միության հետ կապերի, Լեռնային Ղարաբաղին առնչվող և այլ հարցերին: Իր ելույթում Արմեն Արզումանյանը ի թիվս այլ հարցերի, նաև հույս հայտնեց, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կընդունի պատմական իրողությունը և քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ՝ ներկաներին տեղեկացնելով, որ ԱՄՆ նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավներում զերծ չեն մնացել Ցեղասպանություն բառը արտաբերել խոստանալուց, բայց դեռևս դրական տեղաշարժեր այս ուղղությամբ չեն նկատվում: Վստահաբար պետք է փաստել, որ միջազգային նմանօրինակ բարձր մակարդակի քննարկումներն ու հանդիպումները կարևոր դերակատարում ունեն երկրների միջև քաղաքական և տնտեսական միասնական հարթակ ձևավորելու և համատեղ արդյունավետ աշխատանքներ ծավալելու գործում, իսկ ա յս միջոցառման արդյունքում ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ ԲՀԿ և ԱՄՆ հանրապետական կուսակցության միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորման, հետագայում համատեղ միջոցառումներ, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ ինչպես երիտասարդ կուսակցականների, այնպես էլ փորձառու քաղաքական գործիչների համար, որին երկու կողմերն էլ հետամուտ լինելու պատրաստակամություն հայտնեցին:

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով