Տեղացիները փակում են, սփյուռքահայերը` բացում

հագԵրեւանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «Վաճառվում է» պաստառը կրող խանութներ, սպասարկման օբյեկտներ: Ահագնացող տեմպերով մանր ու միջին բիզնեսը նահանջում է։ Լուծարման նպատակով հերթեր են գոյանում Պետռեգիստրի գործակալության առջեւ՝ Կոմիտասի պողոտայի վրա։ Մեր այցելության պահին էլ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մոտ մեծ բազմություն էր հավաքված: «Մեզ վերջին շրջանում սկսել են «հյուրընկալել» հարկային տեսուչները, հարկերն այնքան շատ են բարձրացրել, որ մենք չենք կարողանում գոյատեւել, այդ իսկ պատճառով էլ ստիպված փակում ենք մեր խանութները եւ տարածքը վաճառում մեկ այլ բիզնեսով զբաղվելու համար»,-ասաց խանութներից մեկի սեփականատեր Կարեն Համբարյանը, ով եկել էր իր ՍՊԸ-ն լուծարելու։ Վերջինս տեղեկացրեց, որ գնային տատանումների հետեւանքով առավել շատ մանր ու միջին շուկան է տուժում, իսկ խոշորները չեն տուժում, որովհետեւ խոշորներն ուժեղ փոխկապակցված են իշխանության հետ։ «Խոշորները թքած ունեն մանր ու միջին բիզնեսի վրա: Մանր ու միջին բիզնեսը «մահանում» է նաեւ այն դեպքում, երբ խոշոր բիզնեսի ներկայացուցչին ժամկետանց սնունդ մատուցելու համար տուգանում են ընդամենը 1 միլիոն դրամ, իսկ սննդի փոքրիկ կրպակում 100 դրամ արժողությամբ հաց գնելու դիմաց ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանում են175 հազար դրամ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը հայաստանյան շուկայի տրամաբանությունն է, մանր ու միջին բիզնեսն անպաշտպան է:

Հագուստ վաճառող խանութները եւս փակվում են, քանի որ հարկային ճնշումներին չեն դիմանում։ «Եթե ինչ-որ բրենդային ապրանք ես վաճառում, դրանց համար նախատեսված տուրքերը բարձրացրել են, լույսն ու գազն էլ իրենց հետեւանքն ունեցան, որ խանութները փակվում են: Այնքան էլ մեծ գումարների հետ գործ չենք ունենում, որ կարողանանք տարածքի համար նախատեսված վարձը տալ եւ մնացյալ ծախսերը հոգալ»,-ասաց «Նանե» հագուստի խանութի հաշվապահը՝ հավելելով, որ իրենք նախընտրել են այլ երկրում  իրենց գործունեությունը ծավալել։

Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության աշխատակիցը տեղեկացրեց, որ հիմնականում այցելում են իրենց բիզնեսը լուծարելու նպատակով։ «Եթե համեմատական ենք տանում անցած տարիների հետ, ապա այս տարի ավելի են շատացել, մարդիկ, ովքեր ուղղակի ասում են, որ այս երկրում այլեւս բիզնես չեն կարող դնել… եւ մանր, եւ միջին բիզնեսին ճնշման են ենթարկում, հիմնականում դա ենք այցելուներից լսում»,-ասաց աշխատակիցը։ Վերջինս տեղեկացրեց, որ բիզնես գրանցելու նպատակով վերջին շրջանում իրենց դիմել են հիմնականում սփյուռքահայերը։ Մեր հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված  է 46 հազար 196 ՍՊԸ, 01.01.2014.28.02-2014թթ. ընթացքում, այսինքն՝ մեկ ամսում լուծարվել է 59 ՍՊԸ։ Ինչը հսկայական թիվ է:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով