Տարոն Մարգարյանի փեսան իր բարեկամներին անվճար գազով է ապահովում

գազպրոմՕրերս խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին`շեշտելով, որ ամեն տարի 22 մլն դոլարի գազ կորում է: «Դուք եք խոստովանել, որ այդ կորուստների չափերը վերանայման կարիք ունեն: Եթե այս կորուստները կան, նշանակում է՝ ինչ-որ մարդիկ շահագրգիռ են այդ կորուստների հարցում»,- հայտարարեց Փաշինյանը: Այվազյանն էլ շեշտեց, որ կորուստները նորմատիվային բազայով արտառոց չեն և հղում արեց թվերին:
Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես է գոյանում այդ կորուստները և պարզվեց` միայն օլիգարխները չեն, որ գազ են գողանում: Ինչպես տեղեկացնում են Ավան համայնքի որոշ բնակիչներ «Ավան և Քանաքեռ-Զեյթուն գազային տնտեսության» պետ Մհեր Ջանվելյանն իր ազգականներին ապահովում է անվճար գազով: Մեզ զանգահարած քաղաքացիները տեղեկացնում էին, որ «Հին Ավանի» բնակիչներից մի քանիսը պարծեցել են, թե իրենք գազի համար չեն վճարում, քանի որ իրենք Մհեր Ջանվելյանի ազգականներն են: Ավանի մեկ այլ բնակիչ տեղեկացրեց, որ գազի համար չվճարող քաղաքացին Մհեր Ջանվելյանի հարազատ եղբայրն է:
Կարծում ենք այս տեղեկատվությունը պատկան մարմինները անպայմանորեն պետք է ստուգեն: Պետք է ուսումնասիրվեն ոչ միայն Մհեր Ջանվելյանի և իր հարազատների գազի վճարները, այլ նաև ամբողջ հանրապետության տարածքում համապատասխան պաշտոն զբաղեցնողներին և նրանց հարազատներին: Կարծում ենք, եթե այս օրինախախտներին գումարենք մի քանի օլիգարխների, ապա հնարավոր կլինի վերականգնել գազի ամբողջ կորուստը:
Ի դեպ Մհեր Ջանվելյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ավագ քրոջ ամուսինն է: Այս դեպքում կարծում ենք, որ քաղաքապետը ևս պետք է նախանձախնդիր լինի, որպեսզի իրականությունը բացահայտվի:

 

Դիտվել է 1,351 անգամ
 


Այս թեմայով