Տարոն Մարգարյանի առաջարկը «Թումո»-ի պատանիներին

unnamedԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ ծանոթացել է կենտրոնի հարակից այգում 2006 թվականից առ այսօր իրականացված բարեկարգման աշխատանքներին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով երկու փուլով կենտրոնի կողմից այգում իրականացված  վերականգնման և բարեկարգման աշխատանքները` «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում անցկացվել է ոռոգման ստորգետնյա նոր համակարգ, տնկվել և մշակվում են բազմաթիվ բույսեր ու ծառեր, տեղադրվել է լուսավորության հատուկ համակարգ, կառուցվել են սպորտային տարածքներ՝  ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի: Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար այգում տեղադրվել են նաև նստարաններ, զրուցատաղավարներ ու ցայտաղբյուրներ:

Իր գոհունակությունը հայտնելով հանգստի գոտում իրականացված աշխատանքներից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է կենտրոնի մասնակցությունը բարեկարգման ծրագրերին ու նկատել, որ կենտրոնի այս նախաձեռնությունն իսկապես օրինակելի է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն հանդես գալ նմանատիպ ծրագրերով:

Ի դեպ, դեռևս այս տարվա ապրիլին Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած Թումոյի ուսանողներ Էդգար Գասպարյանին և Ռոլանդ Խոջայանին հիվանդանոցում տեսակցության այցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց խոստացել էր ապաքինումից հետո այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաների հետ միասին կծանոթանա կենտրոնի առօրյային: Եվ խոստման համաձայն, Երևանի քաղաքապետը տղաների հետ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ Բեկոր Փափազեանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել կրթական հաստատության գործունեությանն ու զրուցել  տարբեր խմբակների ուսանողների հետ:

Մասնավորապես, կայքերի ստեղծման խմբակի ուսանողների հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է աշխարհի խոշոր քաղաքների օրինակով Երևանում ևս ստեղծել ու կիրառել ավտոտրանսպորտային խցանումների մասին իրազեկող հավելված, ինչը մեծապես կհեշտացնի վարորդների աշխատանքն ու կխնայի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:

«Աշխարհի խոշոր քաղաքներում կիրառվում են ծրագրային հավելվածներ, որոնց միջոցով վարորդները տեղեկանում են խցանումների մասին: Կուզեմ, որ Երևանում ևս նման ծրագիր ունենանք ու, որ այդ ծրագիրը հենց «Թումո»-ի մեր ուսանողները ստեղծեն: Ու համոզված եղեք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք, որպեսզի այն կայանա և դառնա լիարժեք կիրառելի ծրագիր», — ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով կենտրոնում իրականացվող ծրագրերը՝ Սեմ Սիմոնյանը նշել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Նշվել է նաև, որ այս պահին Թումոն իր բոլոր 4 կենտրոններում ունի մոտ 10000 ակտիվ ուսանող, որից 7000–ը՝ Երևանում:

Առանձնակի կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա իսկապես հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու նեղ մասնագիտական լավ կրթություն: Ընդգծելով կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը` քաղաքապետը նաև պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ում ապահովել կենտրոնի լավագույն ուսանողների գործնական պրակտիկայի կազմակերպումը, ինչը գոհունակությամբ է ընդունվել թե՛ ուսանողների և թե՛ կենտրոնի տնօրինության կողմից:

Շնորհակալություն հայտնելով այցի համար` Սեմ Սիմոնյանն իր հերթին նշել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մայրաքաղաքում կյանքի կոչվող ծրագրերի հարցում մշտապես զգացել է քաղաքապետարանի աջակցությունն ու հետևողականությունը, ինչն իսկապես անչափ կարևոր է:

Հրաժեշտից առաջ կենտրոնի լուսանկարչական խմբակի ուսանողները լուսանկարել, ապա նաև լուսանկարվել են Երևանի քաղաքապետի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

Դիտվել է 365 անգամ
 


Այս թեմայով