Տարեկան 20 մլն դոլարի գազը ու՞ր է կորում. կբացահայտի՞ Փաշինյանը

Այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ժամանակահատվածում բազմաթիվ անգամ խոսել է Հայաստան ներկրվող գազի հետ կապված խնդիրների մասին: Մասնավորապես գազի գնի և տարեկան արձանագրվող գազի կորուստի ծավալների մասին:

2015 թվականին ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ, այն ժամանակ դեռ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ում սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար, որը բացատրվում է տեխնոլոգիական և առևտրային կորուստներով։ Սակայն, ըստ նրա, 2012 թ-ի տվյալներով ոչ մի ներդրում չի արվել այդ կորուստները նվազեցնելու համար.«Եթե ոչ մեկ կորուստների նվազեցման համար ներդրումներ չի անում, դա նշանակում է, որ ինչ-որ մարդկանց ձեռք է տալիս, և այդ 9-10 մլն-ը գնում է ինչ-որ մեկի գրպանը»,-հայտարարել էր Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը և իշխանությունների անգործությունը ևս մեկ անգամ ապացուցում էին, որ բավական իրատեսական են մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց մի շարք իշխանավորների պատկանող ավտոգազալցակայաններ անվճար գազ են ստանում, որը հետագայում ձևակերպվում է, որպես կորուստ ու դրա գինը վճարում են ՀՀ քաղաքացիները:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության կարծում ենք կա ռեալ հնարավորություն իրականության բացահայտման համար: Ի վերջո պետք է գազի ոլորտը կարգավորվի և հստակ դառնա մարդկանց համար, թե տարեկան ուր է կորում 20 մլն դոլարի գազը, որի համար վճարում են մեր բոլորի գրպանից:

 


Այս թեմայով