18 տարեկան զինվորը չպետք է առաջին գծում լինի, այդտեղ պետք է կանգնեն պայմանագրային ծառայողները. Ծառուկյան

Պետության հզորացման համար անհրաժեշտ է թոշակներն ու աշխատավարձերն ավելացնել, ներգաղթը խրախուսել ու այդ մասով կան ծրագրեր, որոնց ջատագովը Վահե Էնֆիաջյանն է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա նաեւ նշեց, որ ներդրողներին պետք է ոչ թե համոզելով բերել, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ինքնակամ գան ու ներդրումներ անեն Հայաստանում։ «Պետք է մեր բանկային, հարկային համակարգերում փոփոխություն լինի, պետք է հնարավորություն տալ փոքր ու միջին բիզնեսին: Եթե մեր բանկիրները կարողանան միջազգային ֆինանսական կառույցներից կարողանան 0 տոկոս, 0,25 տոկոս, 0,75 տոկոսով վարկեր կարողանան բերել, կարող են մեր ժողովրդին էլ տրամադրել 2-3 տոկոսով, ոչ թե լինի 8, 10, 15 տոկոս»,-հայտարարեց Ծառուկյանը:

Ծառուկյանը նաեւ շեշտեց, որ տնտեսության զարգացման համար պետք է զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ զարգացնել կապերը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ. «Մենք ԵՏՄ անդամ ենք, այդ 4 երկրների հետ կապըերը պետք է զարգացնենք, որը միայն օգուտ կբերի»: Ծառուկյանը խոսեց նաեւ ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է փորձի կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ։

Իր ելույթում Ծառուկյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին ու ՀՀ բանակին՝ նկատելով, որ Արցախի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն մնում է միջազգային ճանաչման հարցը. «Որքան ճանաչումը շուտ լինի, այնքան մեր խնդիրները կկարգավորվեն»: Ինչ վերաբերում է բանակին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է հզորացվի ռազմարդյունաբերությունը. «Ոչ թե ընդդիմադիր եմ, բարձր եմ խոսում, այլ հնչեցնում եմ, որ 18 տարեկան զինվորը առաջին գծում չլինի, այդտեղ կանգնեն պայմանագրային ծառայողները»։

Այս թեմայով