«Վրեժի քաղաքականության» դիրքերից կառավարելը մեր պետության համար ուղղակի կործանարար կարող է լինել

Մարտի 1-ի էջը փակելու համար միջազգային քննություն է անհրաժեշտ: Փաշինյանը պետություն կառավարելու չափն այդպես էլ չգտավ ու լրագրողին ներելի չափազանցության մեջ է դեռ։ Իսկ ինչ չափազանց է` հակառակ է գործի բուն նպատակին։ Պետությունն ու ժողովրդին «վրեժի քաղաքականության» դիրքերից կառավարելը մեր փոքրատարածք ու փոքրաքանակ բնակչությամբ ազգային պետության համար ուղղակի կործանարար կարող է լինել։ Ցավոք, վարչապետի կամ ցանկացած այլ պաշտոնն ինքնին ավելի խելոք չի դարձնում այդ պաշտոնը կրողին։ Մինչդեռ, պաշտոնով պայմանավորված իրավունքներն ու պարտականությունները, բացառիկ ծավալի ու անհատական հասանելիության ինֆորմացիան, երկրի ու ժողովրդի հանդեպ ամբողջական պատասխանատվությունը պարտավորեցնում է վարչապետին` լինել առավելագույնս խելացի ու շրջահայաց։ ​Կուսակցության առաջնորդը, այո՛, պետք է սպասարկի իր քաղաքական ուժի շահերը։ Ընդդիմադիր պատգամավորն, այո՛, կարող է հետապնդել որոշակի հատվածական նպատակներ։ Պետության ղեկավար դառնալու պահից, սակայն, յուրաքանչյուր կուսակցական կամ քաղաքական գործիչ պարտավոր է սպասարկել միայն ի՛ր երկրի ու ժողովրդի շահերը, հետապնդել բացառապես ի՛ր պետության բարեկեցությունն ու անվտանգությունը ապահովող նպատակներ։ Առավել արդյունավետ պաշտոնավարելու համար պետության ղեկավարն իրեն պարտավոր է շրջապատել առավել փորձառու ու իրազեկ անհատներով։ Մինչդեռ, հեղափոխական իշխանությունը հենց նրանց դեմ է մեղադրանքներ փնտրում կամ պատվիրում, նրանց նկատմամբ է վրեժ լուծում ու ամեն գնով ջանում բանտարկել։ ​Այս երևույթն առավել ցցուն ու վտանգավոր է դառնում հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Եթե իշխող ուժին հաջողվի այլակարծությունն ու ընդդիմությունը ճնշելու, բոլոր նախկինների նկատմամբ «վրեժի քաղաքականություն» կիրառելու, հարկադրանք ու ռեպրեսիաներ գործադրելու միջոցով ամրապնդել իր դիրքերն ու ստանալ բացարձակ իշխանություն, ապա այն կարող է հեշտորեն վերածվել բացարձակ միապետության ու բացարձակ անիրավության։ ​Ուստի միանգամայն տրամաբանական, բայց նույնքան էլ անսպասելի էր, որ քաղաքական վրեժի ամենացայտուն դրսևորմանը` մարտի 1-ի գործին իրենց նախընտրական հարցազրույցներում անդրադարձան և՛ քաղաքան — պետական գործիչ, ՀՀՇ հիմնադիր Դավիթ Շահնազարյանը, և՛ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Առավել ուշագրավ է, որ երկու գործիչներն էլ, իրարից անկախ, ապաքաղաքական անաչառ քննության, մարտի 1-ին առնչվող բոլոր իրողությունները անկողմնակալ բացահայտելու և այս էջը փակելու գլխավոր գրավականն են համարում միջազգային անկախ մասնագետների ներգրավումը։

Մարտի 1-ի գործի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանը նախընտրական հարցազրույցի ընթացքում այսպիսի գնահատական է հայտնել. «Վարչապետը հայտարարում է, որ մարտի 1-ը բացահայտված է, այնինչ դա իրականությանը չի համապատասխանում։ Ըստ էության, բացի այն երեք անձերից, որոնց մեղադրանք է առաջադրվել, մենք ոչինչ չգիտենք։ Եղել են տասը սպանություններ, շատ ու շատ դեպքեր են տեղի ունեցել։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հատուկ քննչական ծառայությունը տապալել է մարտի 1-ի բացահայտումը։ Երբ Վերաքննիչ դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, ՀՔԾ պետը հայտարարեց, որ դա ապօրինի վճիռ է։ Դատարանի վճիռն օրենք է. այսինքն` ՀՔԾ պետը հայտարարեց, որ օրենքն ապօրինի է։ Ի՞նչ մեղադրանք է հարուցվել այդ երեք անձերին՝ ՀՀ երկրորդ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարին և նախկինում ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովին. սահմանադրական կարգի տապալում, ոչ թե՝ տապալման փորձ, այլ՝ տապալում: Նշանակում է, որ 2008-ի մարտի 1-ին ՀՀ-ում տապալվել է սահմանադրական կարգը և դրանից հետո տասը տարի ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում` ընտրություններ, ԱԺ որոշումներ, միջազգային պայմանագրեր, դրանք բոլորը սահմանադրական կարգից դուրս են։ Ես մեղադրում եմ ՀՔԾ պետին, որ նա տապալել է Մարտի 1-ի քննությունը։ Ավելին. ես առաջարկել էի, որ միջազգային փորձագետներ, քննիչներ ներգրավվեն, որպեսզի հնարավորին չափ չքաղաքականացվի բացահայտման այդ գործընթացը։ Ինչպե՞ս մենք կարող ենք մարտի 1-ի էջը փակել: Հասարակությունը պետք է վստահի քննության արդյունքներին։ Դա կլիներ միայն այն դեպքում, եթե միջազգային ներկայություն լիներ քննությանը։ Այլապես յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կբացի այս գործը՝ ըստ իր քաղաքական նպատակահարմարության: Եթե մարտի 1-ը բացահայտված է, ուրեմն պետք է բացահայտված լինեին 10 սպանությունները, անկարգությունները, ամեն ինչ` հանրային և մասնավոր գույքի ոչնչացում… Այս ամենի մասին մենք որևէ տեղեկություն չունենք. դա դարձվել է գաղտնիք։ Չգիտենք` ի՞նչ է կատարվում, ի՞նչ ուղղությամբ է գնում։ Դա հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մարտի 1-ի գործը տապալված է»։ ​Նախընտրական հարցազրույցի ընթացքում մարտի 1-ի գործին անդրադառնալով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շեշտել է. «Այո, ես գիտեմ որ վտանգ կա։ Վտանգ կա, որ առաջիկա օրերին նորից կեղծ օրակարգեր կստեղծվեն, նորից ձերբակալություններ կլինեն, մթնոլորտը կթեժանա, այն կտանեն մեկ այլ ուղղությամբ: Չեմ բացառում, որովհետև դա դարձել է քաղաքական մթնոլորտի շահարկման նյութ: Ինչ վերաբերվում է մարտի 1-ին, այստեղ հարցը շատ ավելի լուրջ է: Քանի տարի է անցել մարտի 1-ից, բայց մեր ժողովուրդը անընդհատ մարտի 1-ի պատանդի վիճակում է: Նախկինները դատում էին ներկաներին, ներկաները դատում են միայն նախկիններին: Եվ սա հավատք չի ներշնչում, որ ի վերջո իրականությունը պետք է բացահայտվի և փակվի այդ էջը։ Այդ վերքը պետք է սպիանա ժողովրդի մեջ։ Չի կարող դա անընդհատ վերք մնա մարմնի վրա: Այդ վերքը բուժելու համար, սպիացնելու համար՝ այլ միջոց է պետք: Գուցե ճիշտն այն է, որ բոլորս դիմենք միջազգային որևէ անկախ ատյանի, որ անաչառ քննություն անցկացնի: Եվ քննի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին։ Քննի նաև Լեւոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, և հանցավորները իսկապես պատասխան տան իրենց հանցանքի չափով: Իսկ երբ հարցը դրվում է, որ մեղադրանքներ են հնչում, որոնք սուբյեկտիվ մեկնաբանության շատ բաներ են պարունակում իրենց մեջ, այդ մեղադրանքներով կարելի է դատել նաև այսօրվա իշխանավորներին։ Որովհետև զարմանալի է` ինչու մեկ պարագայում դա հանցանք է, մեկ այլ պարագայում` հանցանք չի: Սրանք խնդիրներ են, որոնց դեպքում, ես կարծում եմ, որ արդեն մեր ժողովրդի համբերությունը չարաշահվում է: Մենք մարտի 1-ին ոչ այս կողմն ենք եղել, ոչ այն: Եղել ենք այն ուժը, որ կանխատեսել է մարտի 1-ը և փորձել է ամեն ինչ անել, որպեսզի կանխենք, որ դա տեղի չունենա, որպեսզի զոհ չունենանք, որպեսզի մեր երկիրը չխայտառակվի. բայց չհաջողեցինք: Ճշմարտությունը կբացահայտվի միայն անաչառ դատական համակարգի շնորհիվ: Ես կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել պարագան: Օգտագործել հանգամանքը` քաղաքական հաշվեհարդարների համար: Ժողովուրդը չի հավատում դատական այս համակարգին: Որքան ուզում է Նիկոլ Փաշինյանը երդում–պատառ լինի, որ ինքը դատական համակարգի մեջ խառնված չի, բայց ինձ և ինձ նման քաղաքացիների համար պարզից էլ պարզ է, որ եթե մի դատական համակարգի մեջ 11 դատավոր ինչ-որ հանցանք գործած մարդկանց հարցը քննում են և բոլորին ազատում են, մյուս կողմից նույնանման գործի պարագայում ոչ մեկին չեն ազատում, նշանակում է` դատական համակարգը ուղղորդվում է: Սուտ է այն, որ ասում են` մենք չենք միջամտում։ Քանի դեռ այսպիսին է իրողությունը, ոչ ոք չի հավատալու, ոչնչի չի հավատալու: Իսկ մեզ ճշմարտությունն է պետք: Տրամաբանությունն ինձ ասում է. այս պայմանների մեջ միակ բանը, որ կարող է ճշմարտությունը բացահայտի, վստահություն ներշնչի և մեկ անգամ ընդմիշտ փակի այս էջը` հավանաբար միջազգային անաչառ, անկողմնակալ ատյանը պետք է լինի, որ զբաղվի այս հարցով: Ցավոք, մենք չենք կարողացել ստեղծել վիճակ, որ մարտի 1-ի գործով ինչպես նախկինում նախորդները դատեցին ներկաներին, այսօր ներկաները չդատեն նախորդներին, և ճշմարտունը չմնա չբացահայտված»: ​​​​​ ​​​​​​​​​

Գոռ Հարությունյան

Այս թեմայով