Վրաստանի նոր վարչապետը խոսել է քաղաքական իր սկզբունքներից

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար եւ հայտնել, որ խորհրդարանին կներկայացնի մի քանի սկզբունքների վրա հիմնված իր տեսլականը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Ես խորհրդարանում հանդես կգամ իմ տեսլականով, որը հիմնված կլինի հետեւյալ սկզբունքների վրա: Առաջին՝ վրաց ժողովրդի պատմական ընտրությունը ավարտին հասցնելը եւ Վրաստանի լիարժեք ինտեգրումը եվրատլանտյան տարածքում: Այս տեսակետից «Վրացական երազանքն» ավելի շատ հաջողություններ ունի, եւ այդ հաջողությունները պետք է խորացնել ու ամրապնդել:

Երկրորդ՝ ինովացիոն ու հիմնարար բարեփոխումներ կիրականացնենք անհրաժեշտ բոլոր ուղղություններով: Այդ բարեփոխումների արդյունքում մենք կձեւավորենք նոր տնտեսական մոդել՝ խաղի նոր արդարացի կանոններով, որը կվերաբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքի, մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք կարող ենք ու կկրճատենք խզումը դեմոկրատիայի բարձր ստանդարտի ու տնտեսական դրության միջեւ: Բանականաբար, կշարունակենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ու ուժեղացումը: Երրորդը՝ փոքր կառավարության հայեցակարգն է, Վրաստանին հարկավոր են փոքր, բայց միեւնույն ժամանակ ճկուն ու արդյունավետ կառավարական գերատեսչություններ:

Դրա հետ մեկտեղ նպատակահարմար եմ համարում ուժեղացնել այդ գերատեսչությունների ինստիտուցիոնալ ու հասարկական հսկողությունը, նաեւ հակակոռուպցիոն գծով: Չորրորդ սկզբունքը, որը, պետք է անկեղծ ասեմ, իմ կյանքի գլխավոր գերակայությունն է , կրթությունն է, ինովացիան եւ երիտասարդությունը:

Հենց մոտիվացված, ձեռնարկչական էնտուզիազմով լի, եւ, որ գլխավորն է, իր հնարավորություններին վստահ երիտասարդությունը կբերի այն արդյունքը, որը Վրաստանին տեղ կապահովի զարգացած տնտեսական երկրների շարքում: Հենց այդ Վրաստանն է միակ ու այլընտրանք չունեցող առաջարկը մեր աբխազ ու օս եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան միասնական ընտանիք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Այս թեմայով