Վլադիմիր Գասպարյան. կրկես-թատրոնը

վովաՈստիկանապետը երեկ առյուծ էր կտրել՝ կոչնչացնենք կոռուպցիան։ Այսինքն, ահաբեկում է կոռուպցիային: Կողքին էլ նստած է ոստիկանության զորքերի հրամանատար Երանոսյան Լյովան՝ մի բացառիկ մսագործ ոստիկանական համակարգում, ինչպես արդարադատության համակարգում Միհրան Պողոսյանն է, ինչպես գործարար աշխարհում Սամվել Ալեքսանյանն է, ինչպես ֆինանսական աշխարհում Գագիկ Խաչատրյանն է, ինչպես Երվանդ Զախարյանն է էներգետիկ համակարգում, ինչպես Սերժ Սարգսյանն է Հայաստանի վրա։

Այս Հայաստանի ողբերգությունը նրանք չեն, այս Հայաստանի ողբերգությունը Հայոց լեզվի բնական հմայքի և նրանց գոյության ցինիզմի «խաչաձևումն» է մեկ աթոռի մեջ։ Այս Հայաստանի ողբերգությունը մեր պատմության վրա մեր հնարավոր իշխանությունից պատմության մեջ ստրուկ լինելու մեր անխուսափելիությունն է, որի ընթացքում մենք յոլա տարանք ազգի տականքին։ Մեն հո գիտե՞նք, որ Վլադիմիր Գասպարյանը մարդ է, Աստված չէ, որին պետական կառավարումից ապամոնտաժելը խաղ ու պար է։ Բայց մենք գիտենք նաև, որ դագանակն ու ատրճանակը նրա ձեռքին են, ոչ թե՝ մեր։ Տղա ջան, քեզ չեն հավատում, հասկանու՞մ ես։ Անհավատության մեջ դու ինչպե՞ս ես կոռումպացված կառույց ոչնչացնում։ Որ տեղն ի՞նչ դնես։ Հո ասելով չէ: Կոռուպցիան ինքը պետական ամբողջ դիմադրողականության «խոզի գրիպն» է: Կա՞ այդ դիմադրողականությունը, չկա «խոզի գրիպ», չկա՞ այդ դիմադրողականությունը, «խոզի գրիպն» իրենը կանի: Երանոսյան Լյովան մի կերպ է թղթի վրա տարանջատում բառն ու իր բնույթը, բայց ոգին հո չես սրբագրի։ Ասում է՝ ոստիկանության մարմինների հետ համատեղ իրականացվել է հասարակական կարգի պահպանումը տարբեր միջոցառումների ժամանակ։ Հիմա այս մարդուն ո՞վ կբացատրի, որ «հասարակական կարգը» ժամանակի մեջ բոլորիս աշխատանքն է, ժամանակից դուրս՝ Երանոսյան Լյովայի բարեկեցությունը։ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ պապս էր հավանաբար անձամբ ոտքերով տրորում լրագրողներին և նրանց տեսախցիկները, հարձակվում երիտասարդ ցուցարարների վրա, իսկ Երանոսյան Լյովան խանգարում էր, «պահպանում էր հասարակական կարգը»։ Վլադիմիր Գասպարյանն ընդհանրապես այդ պահին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում աղոթում էր Հռոմի Պապի հետ ձեռք ձեռքի տված։

Ի՞նչ է ծխում Հայաստանի ոստիկանապետը: Եվ ինչու՞ է համառորեն փորձում այս «կրկես» Հայաստանը վերածել «կրկես-թատրոնի»: «Կրկեսի» և «թատրոնի» էս փոխգործակցությունը պետական մեկ պաշտոնյայի մեջ Սահմանադրության հետ հաշվի նստող ցանկացած երկրում դրսևորվում է միայն այն դեպքում, երբ էդ պաշտոնյան դատարանում փորձում է ֆռռացնել ատենակալներին սեփական հանցանքների քննության ժամանակ: Թե՞ բարձրաստիճան ոստիկաննների աչքերի մեջ նայելով «լկտի» բառն ասելն առանձնակի տղամարդկություն է պահանջում նրանից: «Ջեկլոնդոնյան» այդ համախտանիշը մենք արդեն տեսել ենք հասարակական միջավայրում՝ ես Գասպարյան Վովան եմ: Եվ ի՞նչ: Ինչպե՞ս կարելի է այդ ինքնահռչակումից կես տարի հետո եթեր սպրդել նույն բառերով: Չեն հավատում ձեզ, հանրաքվեի ժամանակ ոստիկանների պահվածքը դեռ թարմ է, կաղամբի գլխից այդ օրը ավելի մեծ օգուտներ կարող էինք ստանալ, քան հանրաքվեի «բեսպրեդելը» բացառող ոստիկաններից: Կոռուպցիան ձեր բառապաշարում կոռուպցիա է, քանի որ ձեր ձեռքը բռնողը չկա: Դուք իշխանությունից կառչած եք հենց կոռուպցիայի հանդեպ ձեր փոխադարձ սիրո պատճառով: Ի՞նչ կապ ունի Հայաստանը, ի՞նչ կապ ունի հասարակական կարգը: Հասարակական կարգը միայն ձեր անվտանգությունն է, ահա ինչու տուժողները միշտ շարքային քաղաքացիներ են: Ձեզ դավաճան ասելը կրկին խաղ է Հայոց լեզվի հետ, իսկ դուք դրան արժանի չեք: Ձեզ Ազգի փրկիչ և Ժողովրդի հույս բառերով ծաղրելը նույնպես լեզու ծանակել է, մենք դեռ պետք է մտածենք, թե ի վերջո մարդու ինչ սանդղակներով ձեզ հետ պետք է մաքրենք մեր հաշիվները, քանի դեռ որևէ օրենք չի աշխատում Հայաստանի Հանրապետությունում:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 204 անգամ
 


Այս թեմայով