Վիտալի Բալասանյանի խոսքերի աննկատ մնացած կարևոր մասը. «Ժողովուրդ»

RpjG3cI4aIgRaplNNrxn«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված վերջին հարցազրույցի, թերևս, ամենակարևոր մասը այդպես էլ աննկատ մնաց: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 16-ին Սերժ Սարգսյանը մեկնել էր Ստեփանակերտ: Չնայած բոլորի համար պարզ էր, որ նա գնացել է ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված Արցախի ղեկավարության դիրքորոշումը ճշտելու նպատակով, սակայն պաշտոնապես այդ հանգամանքն ամեն կերպ հերքվում էր:

Այնինչ՝ Վիտալի Բալասանյանն իր վերը նշված հարցազրույցի ամենասկզբում ասում է. «Նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ.) այցի շրջանակը հետևյալն էր՝ հանդիպում բոլոր քաղաքական ուժերի հետ, շարժման նախկին ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել՝ ինչպիսին ենք մենք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի քաղաքական լուծումը և ուղիները: Մենք տեսակետներ ենք հայտնել:

Որևէ որոշում ընդհանրապես չի կայացվել հանրապետության նախագահի կողմից, ինչպիսին հնչեցվում է այսօր, իբր Սերժ Սարգսյանը այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, տարածքների հանձման խնդիր է դրված: Ես, որպես բավական ճանապարհ անցած մարդ, հավաստիացնում եմ բոլորին, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել»:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, հենց արցախցիների կարծիքը պարզելու նպատակով է գնացել Ստեփանակերտ, սակայն իր վերջնական որոշման մասին ոչինչ չի ասել: Ու այդպես էլ պարզ չէ. Արցախի հիմնահարցի լուծումը ինչ զիջումների գնով է լինելու: Բնական հարց է ծագում՝ այդ դեպքում ինչու այդ մասին ի սկզբանե հրապարակային չեն հայտարարում, ինչու են ամեն կերպ հանրությունից իրականությունը թաքցնում:

Հիշեցնենք, որ այդ այցի նպատակների մասին նախագահականի տարածած հաղորդագրությունում միայն հետևյալ նախադասությունն էր նշված «Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով