Վիկը զզված է ՀՀ իշխանություններից

Vik DarchinyanՇատ եմ առաջարկել իմ օգնությունը՝ Հայաստանում բռնցքամարտը, մասնավորապես, պրոֆեսիոնալը զարգացնելու համար, հայրենիքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ հիմնել, ԱՄՆ-ից մարզահագուստ, կաշվե ձեռնոցներ, մարզագույք եմ փորձել ուղարկել, բայց ոչ ոք ինձ ձեռք չի մեկնել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնՎիկ Դարչինյանը:

2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած, 2004 թվականից Ավստրալիայի քաղաքացիություն ստացած  բռնցքամարտիկը եղել է WBA, WBC եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, նվաճել է նաեւ IBF վարկածով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնի գոտին, նաեւ նվաճել է IBO չորս տիտղոս։ Վիկ Դարչինյանը կնոջ եւ երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:

Վիկ, դու նվաճել ես պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր տիտղոսները; Ինչպե՞ս  է սկսվել ամենը:

Կիրովականցի տղա եմ, այնտեղ եմ սկսել եմ մարզվել բռնցքամարտով 8 տարեկանում՝ մարզիչ Վազգեն Բադալյանի մոտ: 1999 թվականին սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի եւ նվաճեցի 2000թ. Սիդնեյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Սիդնեյ-2000-ում 12 քաշային կարգերում Հայաստանից մասնակցեցինք երեք բռնցքամարտիկով: Դա իմ կյանքի առաջին եւ վերջին Օլիմպիական խաղերն էին: Այսօրվա պես հիշում եմ իմ մասնակցությունը Սիդնեյ-2000-ում: Առաջին օրը մրցակիցս աշխարհի չեմպիոն՝ ռուս բռնցքամարտիկ էր, ում պարտության մատնեցի: Հաղթական մենամարտիս ավարտից հետո ինձ մոտեցան եւ առաջարկեցին Հայաստանի պատվիրակության հետ չվերադառնալ հայրենիք, մնալ Ավստրալիայում՝ այստեղ շարունակել բռնցքամարտիկի կարիերան եւ սիրողականից փոխել պրոֆեսիոնալ: Ես համաձայնեցի, քանի որ արդեն ցանկություն ունեի լքել սիրողական բռնցքամարտն ու տեղափոխվել պրոֆեսիոնալ: Իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկար, խոսք անգամ լինել չէր կարող: Հիմա էլ չկա,  որքան էլ մարզվում են, բայց իրենից ոչինչ չի ներկայացնում պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում:

Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրի: Խաղերից հետո մեկ ամիս մնացի Ավստրալիայում, փորձամրցումներ անցկացրեցի եւ պաշտոնական հրավեր ստացա հաստատվելու այստեղ:

Երբ որոշեցիր հաստատվել Ավստրալիայում՝ լքելով հայկական բռնցքամարտը, Հայաստանում ինչպե՞ս ընդունվեց քո որոշումը:

Բռնցքամարտի տեսակետից Հայաստանում հայացքներն ու որոշումներն ուրիշ են, ավելի հետ են: Եթե տեսնում են՝ Հայաստանում սիրողական բռնցքամարտը չի զարգանում, պետք է պրոֆեսիոնալը հիմնեն: Սիրողականներին սփարինգ անելով պրոֆեսիոնալների հետ ավելի լավ աճ, զարգացում եւ արդյունք կունենան: Իսկ Հայաստանում դեմ են այս ամենին: Ես նկատում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու ցանկություն ու միտում էլ չկա:

Երբ 2004 թվականին ես դարձա աշխարհի չեմպիոն, 4 տարի պայքարել եմ պրոֆեսիոնալ բռցնքամարտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, ցանկանում էի ակումբ հիմնել այդտեղ,  բայց ոչ մեկ ինձ ձեռք չմեկնեց, ցանկությոն չհայտնեց ինձ օգնել, ուղղություն ցույց տալ, ոչ ոք հետաքրքրված չէր: Այդ անուշադրությունից եւ անպատասխան վերաբերմունքից հիասթափվեցի: Ես մեկ անգամ մենամարտ ունեցա Մարզահամերգային համալիրում, բայց ոչ Հայաստանի դրոշի ներքո: Այդ ժամանակ զգացի, որ մարդիկ շատ հետաքրքրված են, ավելի քան 10 հազար հանդիսական կար, իսկապես բոլորը մեծ հետաքրքրությամբ հետեւեցին եւ երկրպագեցին ինձ:

Ըստ քեզ, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում չի զարգանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը:

Չեն ցանկանում: Դեմ են պրոֆեսիոնալին: 15 տարի առաջ նույնիսկ չէին ցանկանում Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի անունը լսել: Կարծես՝ չեն ցանկանում, որ բռնցքամարտիկները իրենց համար  նաեւ կռվեն, գումարներ վաստակեն:

Պրոֆեսիոնալ ռինգում 50 մենամարտ ես ունեցել, 41 հաղթանակ՝ 30-ը նոկաուտով: Դժվարությա՞մբ են տրվել քեզ այդ հաղթանակները եւ ի՞նչ արժեք ունեն դրանք քեզ համար:

Դժվար ոչինչ չկա: Եթե լավ ես մարզվում, լավ ես պատրաստվում, եթե քեզ համար կարեւոր է հաղթանակը, այն միանշանակ քոնը կլինի: Հաղթանակներից որեւէ մեկը հավասար չէ մյուսին, ինձ համար բոլորն էլ առանձնահատուկ են, կարեւոր, արժեքավոր, ասես ամեն անգամ մի մեծ ձեռքբերում ունենամ:

Իսկ պարտություններն ինչպե՞ս ես տանում: Ո՞րն է եղել ամենացավալի պարտությունդ:

Պարտություններիցս չորսն ինձ անարդար են դատել: Այդ մասին ամբողջ աշխարհը գիտի: Ամենավատ հիշողությունս 2009 թվականին մեքսիկացու հետ մենամարտս, որտեղ ինձ անարդար դատեցին: Ես նրան լավ ծեծեցի, իսկ նա ինձ անընդհատ գոտկատեղից ներքեւ էր հարվածում: Մրցավարները տեսնում էին եւ ոչինչ չէին ասում, ձայն չէին հանում: Իսկ նման պարագայում մրցավարներն իրավունք չունեն շարունակել մրցավարությունը, պետք է կանգնեցնեին մենամարտը, մեքսիկացուն պարտություն տային եւ մեկ տարի որակազրկեին: Քանի որ ես մենամարտում էի իրենց շոուի մեջ, նրանց ուղղակի չնկատելու տվեցին եւ հաղթանակը մեկսիկացուն հանձնեցին:

Պարտություններից սակայն չեմ հիասթափվում, դրանք ինձ ավելի մեծ ուժ են տալիս: Ընդունում եմ յուրաքանչյուր պարտությունս, եթե արդար պարտություն է: 3 քաշային կարգերում դարձել եմ աշխարհի չեմպիոն, որոնցից մեկում՝ բացարձակ, չորս գոտի եմ ունեցել:

Ինչպե՞ս կորցրիր աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:

Տարբեր քաշային կարգեր փոխեցի, ինքս թողեցի իմ գոտիները եւ այդպես կորցրեցի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Իսկ քաշային կարգս այդ շրջանում փոխեցի ուրիշ գոտիներ նվաճելու նպատակով: Իմ մարզական կարիերայում ամենալավ տարին 2008 թվականն էր, երբ նվաճեցի բոլոր գոտիները՝ դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն: Իմ տեղեկություններով 2008 թվականից հետո մինչ օրս պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի բացարձակ չեմպիոն չի եղել: Այդ տիտղոսը ես կարողացա պահպանել շուրջ 1.5 տարի:

Ինձ քիչ ժամանակ է մնացել մեծ սպորտում: Արդեն 39 տարեկան եմ: Ամենաուշը՝ մեկուկես տարուց կլքեմ մեծ սպորտը՝ որպես մարզիկ: Տարիքս արդեն թույլ չի տալիս: Նպատակ ունեմ հետ բերել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումս: Ցանկանում եմ իմ քաշային կարգում՝ 53,5 կգ, աշխարհի չեմպիոնի գոտին նվաճել եւ մյուս չեմպիոններին ձեռնոց նետել, որպեսզի բացարձակ չեմպիոնի գոտու համար մենամարտեմ: Այստեղ արդեն հարց է՝ կընդունեն ձեռնոցս, թե ոչ: Եթե չընդունեն, այլեւս չեմ սպասի, արդեն իմ ապագայի ծրագրերը կիրականացնեմ ռինգից դուրս:

Դեկտեմբերի 12-ին Ավստրալիայում կկայանա իմ հերթական մենամարտը ֆիլիպինցի բռնցքամարտիկի հետ, որը աշխարհի փոքր գոտու մենամարտ է լինելու՝ International IBF տիտղոս է, հետո արդեն 2016 թվականի մարտին կամ ապրիլին եւս մեկ մենամարտ կունենամ արդեն աշխարհի չեմպիոնի գոտու համար: Բայց այդ մենամարտով չեմ ավարտի, մի քանի անգամ կպաշտպանեմ գոտիս՝ համար 1 կամ 2 բռնցքամարտիկների հետ, ովքեր ցանկություն կունենան ինձնից խլել գոտին: Այդ ամենը կտեւի 1-1,5 տարի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարիք չկա, բայց ես արդեն ցանկանում եմ ավարտել կարիերաս:

Ես վերջին աշխարհի չեմպիոնն եմ եղել 2008 թվականին, անցել է 7 տարի եւ մինչ օրս բացարձակ չեմպիոն չի եղել ամբողջ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Չեմպիոնը չի ցանկանում չեմպիոնի հետ մենամարտել, եւ դա բռնցքամարտի ամենամեծ խնդիրն է:

 

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 253 անգամ
 


Այս թեմայով