Վիգեն Սարգսյանը խիստ առանձնազրույց է ունեցել Մովսես Հակոբյանի հետ

««Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակում լրագրողները նկատել էին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չունի: Այս օրերին մամուլում շրջանառվող տեղեկատվության ֆոնին, որ Մովսես Հակոբյանի և Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են, ու գուցե նաև Հակոբյանը հրաժեշտ տա պաշտոնին, դա ավելի ակնառու դարձավ:

Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան հակադրության վերաբերյալ armtimes.com-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տարբեր զինվորականներ off the record զրույցում մեզ տեղեկացնում են, որ Մովսես Հակոբյանի աշխատաոճի և պահվածքի վերաբերյալ լուրջ դժգոհություններ կան զինված ուժերում: Նրանք հայտնում են, որ Մովսես Հակոբյանը սկզբնական շրջանում փորձել է իրեն ավելի բարձր դասել Վիգեն Սարգսյանից, ով ի տարբերություն Հակոբյանի, պրոֆեսիոնալ զինվորական չէ: Բացի այդ Մովսես Հակոբյանը ենթակաների և ՊՆ գործընկերների հետ շփումներում իրեն պահել է  ինքնավստահ, երբեմն՝ գոռոզ, երբեմն՝ կոպիտ:

Հիշեցնենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո Մովսես Հակոբյանի և ՊՆ մատակարարների կամ պոտենցիալ մատակարարների հանդիպման հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, երբ ՊՆ-ին տարբեր ապրանքներ և ծառայություններ մատակարարողների կամ նման առաջարկներով դիմածներին Մովսես Հակոբյանը դիմում էր «դու»-ով, վիրավորում: Աղմուկից հետո իր այդ պահվածքի համար Հակոբյանը հրապարակային ներողություն խնդրեց:

Նույնը, ինչպես մեզ պատմեցին Հակոբյանի հետ շփված մի քանի սպաներ, ավելի վատ ու մուգ երանգներով ամեն անգամ կրկնվել է Հակոբյանի և ենթակաների հետ հանդիպումների, խորհրդակցությունների, աշխատանքային ժողովների ժամանակ:

ՊՆ-ից մեր զրուցակիցների փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը կարգի հրավիրելու նպատակով Հակոբյանի հետ խիստ առանձնազրույց է ունեցել: Հակոբյանը փորձել է հասկացնել, թե ինքը պրոֆեսիոնալ զինվորական է, ու հենց ինքն է իրավիճակի տերն ու թելադրողը, զորքերում եղանակ ստեղծողը, այլ ոչ նախարարը՝  հակադրվելով Վիգեն Սարգսյանին:  Մեր զրուցակիցների փոխանցմամբ, սակայն, պաշտպանության նախարարին հաջողվել է մասամբ հանդարտեցնել Հակոբյանին.  ԳՇ պետի առջև խնդիրը դրված է եղել շատ կտրուկ՝ կա՛մ Մովսես Հակոբյանը հանդարտվում ու հանգիստ իր գործն է անում՝ առանց այլոց գործերին խառնվելու, առանց ենթականերին կոպտելու և վիրավորելու, կա՛մ հեռանում է բանակից:

Հիմա կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, բայց դա, ինչպես ասում են, խաղաղություն է փոթորիկից առաջ: Իսկ փոթորիկը լինելու է 2018 թվականի ապրիլից հետո, որովհետև դեռ պարզ չէ, այդ ժամանակ ինչ պաշտոնի կնշանակվի Վիգեն Սարգսյանը՝ կշարունակի՞ ղեկավարել ՊՆ-ն, թե՞ կտեղափոխվի այլ պաշտոնի:

ՊՆ-ում համարում են, որ Մովսես Հակոբյանն ու Վիգեն Սարգսյանը երկու խիստ անհամատեղելի մարդիկ են, և պաշտպանության նախարարը չի պատրաստվում հանդուրժել Հակոբյանի ներկայությունը զինված ուժերում: Նաև վստահ են, որ եթե Վիգեն Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել,  ինչը նա անկեղծորեն ցանկանում է, ապա Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա պաշտոնին:

Բայց առայժմ դեռ Հակոբյանը կմնա ԳՇ պետ: Առաջին հերթին, որովհետև ԳՇ պետի պաշտոնի համար հարմար պատրաստված կադր այս պահին դեռ չկա: ՊՆ-ում կարծում են, որ չնայած հաջող, պարկեշտ, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող գեներալներ ՊՆ-ում շատ կան, բայց նրանցից ոչ մեկը դեռ գլխավոր շտաբի պետի մակարդակի «չի ձգում»՝ կա՛մ փորձն է պակաս, կա՛մ զինվորական ու աշխատանքային կենսագրությունը, կա՛մ անցած «մարտական ուղին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով