ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարության բարեփոխումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության քայլերն ուղղված են տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, և այդ առումով ՎԶԵԲ-ի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ:

Սումանտրա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ մարտ ամսին նախատեսում է այցելել Հայաստան` մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում քննարկելու Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:

Այս թեմայով