Home » Real Politik » «Վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել». Նաիրի Հունանյանը` Ռոբերտ Քոչարյանին

«Վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել». Նաիրի Հունանյանը` Ռոբերտ Քոչարյանին

timthumb (2)1999 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն սկսեց իր հերթական քառօրյան: Քառօրյայի 3-րդ օրը, ըստ կանոնակարգի, կառավարության հետ հարց ու պատասխանի օրն էր: Հարցերից մեկի քննարկման ժամանակ ամբիոնի մոտ էր այն ժամանակվա ՀՀ ֆինանսների նախարարը:

«Տրանսֆերներ են, այդպես են ասում…»,- ասել է նախարարը, և… հնչել են կրակոցներ: Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պատմության ընթացքում գրանցված ամենադաժան ոճիրը. այդ օրը գլխատվեց ՀՀ քաղաքական էլիտան:

6 ոճրագործի հաջողվեց ներթափանցել Ազգային ժողովի շենք. խմբավորումը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը: Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Այդ տարիներին երկրի ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, Ազգային անվտանգության նախարարը՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն օրը՝ ոճրագործությունից հետո, Նաիրի Հունանյանը բարձրաձայնում էր իր պայմանները՝ ասելով. «Քոչարյան Ռոբերտը թող գա, նախագահը, էս ազգի ճակատագիրը որոշենք։ Գալիս ա ստեղ, ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում, գա ստեղ, միասնաբար որոշենք երկրի ապագան։ Կամ թեկուզ թող սկզբից Ալիկը գա»։

Հանցախումբն իր արարքը պատճառաբանում էր նրանով, որ վարչապետը և Ազգային ժողովի նախագահը խոչընդոտում էին Հայաստանի Հանրապետության առաջընթացին:

Նաիրի Հունանյանի հետ բանակցությունները տարվեցին մինչև առավոտ: Նրա հետ դեմ առ դեմ հանդիպման եկավ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանց առանձնազրույցը տևել է մոտ 20 րոպե, որից հետո խումբը հանձնվեց:

Ռոբերտ Քոչարյանի համար հոկտեմբերի 27-ի գործը «ուչաստկովիի» մակարդակի գործ էր: «Մի բան է, որ պարզվի՝ սա այլ պետությունների հետախուզական հատուկ ծառայությունների գործն էր. իհարկե, պատասխանատվությունը պետք է կրի մեր անվտանգության նախարարությունը, որը պետք է կանխեր, իր գործիքներով պետք է իրազեկ լիներ նման հնարավոր քայլերի վերաբերյալ։

Եթե պարզվի, որ դա Հայաստանում ձևավորված ինչ-որ կազմակերպված ուժ էր, ապա և՛ ազգային անվանգությունը, և՛ ներքին գործերը պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե պարզվի, որ սա ընդամենը մի խումբ մարդիկ են՝ իրար հետ կապված ընտանեկան կապերով, մանկական ընկերությամբ, որոնց հրահրել է ինչ-որ մեկը, ուրեմն՝ սա մեկ ուրիշ իրավիճակ է։

Կարելի է ամեն ինչին կասկածով նայել։ Ես էլ ունեմ մի շարք հարցերի վերաբերյալ իմ կասկածները, բայց կան փաստեր. ահաբեկչությունը կոնկրետ կատարող անձինք ձերբակալված են, և կա մի շրջանակ, որոնք մասնակցել են, օգնել են, և չբացահայտել այս գործը ուղղակի հնարավոր չէ։ Ուղղակի ես չեմ տեսնում, թե ինչպես չպետք է բացահայտվի այդ գործը, քանի որ մարդիկ ձերբակալված են, քանի որ ապացույցները կան, ամեն ինչ բաց էր արված: Նույնիսկ գյուղի ուչաստկովին այս գործն ի վիճակի է վճռականության, ցանկության դեպքում բացել», - ասված էր Ռոբերտ Քոչարյանի խոսքում։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: 1999 թվականի հոկտեմբերի 28-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ զինվորական դատախազության վարույթ, և նախաքննության անմիջական ղեկավարումը դրվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վրա։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին և Համլետ Ստեփանյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Արմեն Հարությունյանին՝ նախապատրաստվող հանցագործության մասին հաստատապես իմանալու ու իրավապահ մարմիններին չհայտնելու համար, Սարգիս Եթիմյանին, Սաշիկ Ղլեչյանին և Միսակ Մկրտչյանին՝ ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, ինչպես նաև՝ Արմեն Գասպարյանին ու Ավետիք Մինասյանին՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ հանցավոր անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:

2000թ. դեկտեմբերի 1-ին վերոհիշյալ 13 անձանց մասով քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Դատարանի՝ 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով` Նաիրի Հունանյանն ու ահաբեկչության նրա անմիջական հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման: 

2000թ. հուլիսի 11-ին կայացված որոշմամբ՝ անջատվել է առանձին վարույթ՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչներին, մասնակիցներին, օժանդակողներին հայտնաբերելու համար։

Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2 տարի 9 ամիս իրականացվել է զինվորական դատախազությունում՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ, իսկ 2003թ. մարտի 14-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում։

Նախաքննության ընթացքում քննչական խմբի անդամներ են գործուղվել Վրաստանի Հանրապետության Բաթումի և Ուկրաինայի Հանրապետության Եվպատորիա քաղաքներ, որտեղ նույնպես կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ։

Անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն նախաքննության ընթացքում, բացի դատապարտված անձանցից, հանցագործության այլ մասնակիցներ, կացմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել։ Ուստի՝ 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված պատճառաբանված որոշմամբ՝ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։

Դատավարությունն ավարտվեց 2003 թվականին. այն տևեց մոտ 4 տարի, սակայն այդպես էլ շատերի կողմից հնչեցված հարցերը պատասխաններ չստացան: Մինչ այժմ էլ, շատերի համոզմամբ, հոկտեմբերի 27-ի իրական մեղավորը կամ մեղավորներն ազատության մեջ են:

Դատավարության ընթացքում Նաիրի Հունանյանը հայտարարում էր, որ տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, հասցեագրված իր գրությունները տեղ չեն հասնում: Սակայն դատերից մեկի ժամանակ հրապարակվում է Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որում Հունանյանը գրել էր. «Սկսվել է ամենավտանգավոր փուլը, և ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ մեղադրանքի ծավալը չբխի այս կամ այն նյութերից և նախկինի նման ակնհայտ կեղծ չլինի: Ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել:

Ձեր իշխանությունը հիմնվել է երկու բաղկացուցիչ մասերի վրա: Մի կողմից՝ դուք ժողովրդի առջև եղել եք իմ և մյուսների երաշխավորը, մյուս կողմից՝ ունեցել եք իմ պաշտպանությունն ու աջակցությունը։ Իմ առջև քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեզանից և, անշուշտ, համարժեք: Հիշե՛ք ժողովրդական խոսքը՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:

Հունանյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ալեքսան Հարությունյանին որպես վկա հարցաքննելու, կրկնակի փորձաքննություններ անցկացնելու մասին (մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի և Արմենակ Արմենակյանի սպանությունների առնչությամբ) միջնորդություններ:

Ողբերգական դեպքերից հետո խիստ կասկածելի հանգամանքներում մահանում են գործով մի շարք վկաներ։

2000թ. մեկուսարանում անհայտ պայմաններում մահանում է հանցախմբին զենք վաճառած Նորայր Եղիազարյանը: 2004-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է լինում Վռամ Գալստյանը, ով հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, և ով դեռ դատավարությունների ընթացքում պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և «ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի»:

Մայիսի 15-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից հանկարծամահ է լինում 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2014-ին:

2002-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Չնայած նրա սպանության համար մեղադրվեց և դատապարտվեց սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, սակայն մինչ օրս շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես հոկտեմբերի 27-ի վկա:

2004-ին ավտովթարից մահացավ մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ պատգամավոր 47-ամյա Մուշեղ Մովսիսյանը, նույն տարում ՀՀ Ազգային ժողովի շենքում ինքնասպան եղավխորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

Իսկ հոկտեմբերի 27-ից 2 ամիս անց Աժ-ում գտնված և վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերած բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը և բժշկուհի Նելլի Տոնոյանը մեկնում են Միացյալ Նահանգներ, այն դեպքում, երբ նրանք ամենակարևոր վկաներից են համարվում:

Ոճրից արդեն 14 տարի է անցել։ Սակայն նույնիսկ այսքան տարի անց հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտված չեն: Ակնհայտ է, որ այժմ բանտում իրենց պատիժը կրում են այն անձինք, ովքեր միայն պատվեր կատարողներ են, իսկ պատվիրատուների կազմն այդպես էլ մնում է անպատիժ, որոնց անունները կմնան չբացահայտված: Դա է փաստում այն, որ դեպքերից 14 տարի հետո նույնիսկ բանտում գտնվողների կողմից որևէ անուն չի բարձրաձայնվում:

Ազատուհի Արասխանյան

lurer.com

Դիտվել է 3,500 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy