Վերջին 4 տարվա ընթացքում ԶՈՒ-ը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով

ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը,  լրագրողների հետ զրույցում, զորակոչին անդրադառնալով ասաց, որ առանձնապես փոփոխություններ չկան.«Քանի որ ձմեռ է, առանձնահատուկ ուշադրություն դարձնում ենք տեղափոխման ընթացքում անվտանգության կանոնների պահպանմանը, որ բոլորին անվտանգ տեղ հասցնեն»:

Անդրադառնալով սահմաններին՝ Դավթյանը նշեց.«Սահմաններում էական փոփոխություն չկա: Հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է: Եթե նախորդ տարիների հետ համեմատենք, որոշակի չափով նվազման միտում կա` կրակոցների քանակի առումով»: Ըստ Դավթյանի՝ տոնական օրերին Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին հիմնականում խաղաղ է եղել:

Արտակ Դավթյանը խոսեց նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի մասին.«Դրանք շարունակվում են, և այս պահի դրությամբ առկա թվերը մոտավորապես նույնն են, որքան անցած զորակոչին. 72 հոգի «Ես եմ» ծրագրով և 90-ից ավել «Պատիվ ունեմ» ծրագրով են, բայց դրանք վերջնական թվերը չեն»,-ասաց նա:

Դավթյանը նշեց նաև, որ վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով: Դրան զուգընթաց համալրվել են նաև բոլոր մեքենաները, որոնք իրենց «դարն ապրել են» կամ անսարք են.«Մոտակա ժամանակներս նախատեսվում է այդ գործընթացը շարունակել: Առանձնահատուկ ուշադրություն դարձնում ենք ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին»:

Այս թեմայով