Վերջին երկու ընտրությունների ժամանակ ոչ մեկին չենք ուղղորդել

«Ժամանակ» թերթը զրուցել է ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ: Հատված հարցազրույցից.

Պարոն Բաղմանյան, մեր բանակը 22 տարեկան է: Այս տարիների ընթացքում կա՞ ինչ-որ բան հայկական բանակի կայացման ճանապարհին, ինչի համար ափսոսում եք:

Քսաներկու եւ ավելի տարիներ գտնվում եմ հայկական բանակում եւ ափսոսալու ոչ մի բան չկա: Բանակում անելիքները միշտ էլ շատ են, գործերը՝ շատ, հավանաբար ժամանակն է քիչ, որովհետեւ մենք ավելին ենք ուզում:

Շատերը ասում են, որ արցախյան հերոսամարտում ցուցաբերած ոգին այսօր չկա:

Միանշանակ դա այդպես չէ: Կարող է կան մարդիկ, ովքեր վիրավորված են, նախկինում եղել են պաշտոյաներ, հիմա որեւէ կերպ չեն կարողանում աշխատել, նրանք կարող են այդպես ասել, բայց այսօր մեր Զինված ուժերում նման բան չկա, մենք ոգու խնդիր չունենք: Դրա վառ ապացույցը Արմեն Հովհաննիսյանն է: Բայց միայն Արմեն Հովհաննիսյանը չէ այդպիսին: Զինվորները, որոնց այսօր մենք պարգեւատրեցինք, նրանցից ամեն մեկը կարող էր այնտեղ զոհվել: Այդ բոլոր զինվորներն էլ պատրաստ են եղել զոհվելու: Այդ հենակետում բոլոր զինվորները հնարավորություն են ունեցել հետ քաշվելու, բայց ոչ ոք հետ չի քաշվել: Բա դա ոգի, դուխ չէ՞…

Բանակը արդյոք չպե՞տք է քաղաքականությունից զերծ մնա։ Մինչդեռ ընտրություններին հատկապես աշխատում է հօգուտ իշխանության։

Զինվորը, բանակը, սպան ՀՀ քաղաքացի՞ չեն, իրենք չպե՞տք է իրենց նախագահ ընտրեն…

Պարոն Բաղմանյան, Դուք գիտեք ինչ նկատի ունեմ՝ սպայական, զինվորական կազմին ուղղորդելու։

Համենայնդեպս, վերջին երկու ընտրությունների ժամանակ ոչ մեկին չենք ուղղորդել։ Մենք բաժանել ենք, ասել ենք՝ կարդացեք, ում ուզում եք գնացեք ընտրեք։ Ասել ենք՝ սա մեր գերագույն գլխավոր հրամանատարն է, սա մեր մյուս թեկնածուն է, սա էլ՝ մյուսը, որ սոված նստել է… Անդրիաս Ղուկասյանի նման քաղաքական գործիչը եթե պետք է այս երկիրը ղեկավարի…

Սուրեն Խաչատրյանի հետ շարունակո՞ւմ եք մտերմությունը։

Սուրեն Խաչատրյանն ինձ ընկեր է եղել եւ շարունակում է մնալ, նրան ոչ թե մարզպետ եղած ժամանակ եմ ճանաչել, այլ 91 թվականից։ Դեպք է, պատահել է։ Արտակ Բուդաղյանին էլ ճանաչում եմ 96-97 թվականներից։ Չեմ կարծում՝ թե Սուրեն Խաչատրյանի եւ թե Արտակ Բուդաղյանի կողմը ուզենար այդպիսի վերջաբան լիներ, անհնարին է։ Եթե դու մի մարդու համարում ես 23 տարվա ընկեր, ինչպես կարող ես հրաժարվել կամ ինչի համար հրաժարվես…

«Հարսնաքարի» քննությունը, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ընթանում։

Չեմ հետեւում «Հարսնաքարի» քննությանը, ամեն դեպքում չպետք է լինեին «Հարսնաքարի» դեպքերը։ Ռուբոն ի՞նչ կապ ունի, հո ինքը չբռնե՞ց սպանեց… Նա շատ բան է արել թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո բանակի համար, չեմ կարծում, իմանար պահակները սպա են ծեծում, ասեր՝ սպանեք, ընդհակառակը՝ նա կտար, դրանց կսպաներ…»։

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 163 անգամ
 


Այս թեմայով