Վերականգնվել է 42 միլիոն դոլարի վնաս. գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերջին մեկուկես ամսվա ընթացքում, հուլիսի 1-ի դրությամբ, վերականգնվել է 20 միլիարդ 622 մլն դրամի վնաս:

«Մեր կառավարության ձևավորումից ի վեր՝ Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար, ու մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով ու միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ վերականգնվել է 20 միլիարդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ, խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մամուլում կան հրապարակումներ, ըստ որոնց՝ պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում և հավելեց, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա:

Հարցին անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ վերականգնումները հնարավոր է դարձել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով:

Նրա խոսքով՝ նշված 20 մլրդ դրամն օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում:

«Այս պահի դրությամբ՝ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամն առաջադրվել է, որպեսզի մուտք արվի բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է: Վերականգնումը դեռևս չի նշանակում մուտք բյուջե, նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե», — ասաց Դավիթ Անանյանը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նշված գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե, ու այս միջոցները որևէ տեղ չեն կարող կորել:

«Այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, այս թիվը չի վերաբերում կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը: Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակն ավելի արդյունավետ է դառնում: Հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ կհատկացնենք մարզերին, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա մթնոլորտի փոփոխությունը», — հայտեց ՀՀ վարչապետը:

Այս թեմայով