Վերադարձ արագաչափերի թեմային. Ն. Փաշինյանը նոր նախագիծը

arm143331319958Երեկ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Երկարաշունչ անունով այդ օրենքն է, որ կյանք է տվել երթեւեկությանը հետեւող տեսախցիկների եւ արագաչափ սարքերի գործունեությանը եւ այդ օրենքում է, որ առաջարկում եմ լրացումներ:

Եթե հիշում եք, ս/թ հուլիսի 9-ին հրապարակված՝ «Իշխանությունը պետք է զերծ մնա շրջիկ արագաչափերի կիրառումից, եւ հրաժարվի արագաչափերով հարստահարման քաղաքականությունից» հոդվածում գրել էի, որ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների հարցը առաջիկայում էլ լինելու է իմ ուշադրությանը կենտրոնում՝ որպես ՀՀ քաղաքացիներին հարստահարող համակարգ: Այդ հոդվածում բերել էի բազմաթիվ պաշտոնական փաստեր, որոնք ապացուցում են, որ արագաչափերն ու երթեւեկությանը հետեւող տեսախցիկները ոչինչ չեն տալիս երթեւեկության անվտանգության առումով եւ միայն հսկայական ֆինանսական բեռ են ավելացնում ՀՀ քաղաքացիների ուսերին եւ այս տրամաբանությամբ էլ, ներկայացված օրենքի նախագծում խնդրին մոտեցել եմ բացառապես սոցիալական տրամաբանությամբ:

Եւ ահա, նախագծում առաջարկվում է հետեւյալը. եթե արագաչափերով արձանագրված խախտումը կատարվել է 15 տարի եւ ավելի հնության մեքենայով, առնվազն 10 տարվա եւ 250-ից 350 ձիաուժ շարժիչով մեքենայով, առնվազն 5 տարվա եւ 120-ից 250 ձիաուժ շարժիչով մեքենայով, մինչեւ 120 ձիաուժ հզորությամբ ցանկացած տարիքի մեքենայով, բեռնատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով, այդ դեպքերում նշանակվում է տուգանք Վարչական օրենսգրքով սահմանված տուգանքի կեսի չափով: Ընդգծեմ, որ դա վերաբերվում է միայն արագաչափերով եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկներով ֆիքսվող խախտումներին եւ տարածվում է միայն վերը նկարագրված կատեգորիայի մեքենաների վրա: Այսինքն՝ այս փոփոխությունը չի տարածվում «կենդանի» արձանագրված խախտումների վրա, չի տարածվում նաեւ այն դեպքերի վրա, երբ արագաչափերով եւ տեսախցիկներով արձանագրված խախտումներն իրականացվում են ճոխ եւ համեմատաբար ճոխ մեքենաներով:

Հասկանում եմ, իհարկե, որ այստեղ միանգամից հարց է ծագելու. ինչ կապ ունի՝ ինչ մեքենայով է արվել խախտումը: Խախտումը խախտում է եւ կապ չունի, թե ինչ մեքենայով է դա արվել: Այս տեսակետը իհարկե, արդարացի է, եթե խնդրին մոտենանք երթեւեկության անվտանգության տեսակետից: Բայց հենց դրանում է խնդիրը. կարծում եմ բավարար հիմքեր կան ապացույցված համարելու, որ երթեւեկությանը հետեւող տեսախցիկները եւ արագաչափերը ոչ մի կապ չունեն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հետ: Որքան շատանում են արագաչափերն ու տեսախցիկները, այնքան շատանում են խախտումները, այսինքն՝ կարգազանց վարորդների թիվը, եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը ոչ միայն չի պակասում, այլեւ ավելանում է:

Սա նշանակում է, որ այդ սարքերը տեղադրվել են ոչ թե երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար, այլ որպես ֆիսկալ գործիք, որպես դրամահավաքության մեքենա: Եւ ուրեմն, ներկայիս ծանր սոցիալական պայմաններում՝ միջին խավի եւ սոցիալապես պակաս ապահով կամ ոչ ապահով խավի համար այդ գործիքը գոնե պետք է գործի կիսով չափ: Առայժմ առավել արմատական պնդում չեմ անում, որովհետեւ ակնկալիքս ոչ թե քաղաքական հայտարարություն անելն է, այլ այն, որ նախագիծը, կամ դրա լրամշակված տարբերակը (ընդունելի տարբերակ կարող է համարվել, օրինակ, եթե 50 տոկոսանոց «զեղչը» կիրառվի համատարած բոլորի վրա) իսկապես ընդունվի:

Սա ամենեւին չի նշանակում, թե այսպիսով համակերպվում ենք արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների գործունեության այսօրվա բովանդակության հետ:

Նախագծի հիմնավորման մեջ այս կապակցությամբ գրել եմ. «Առաջարկվող նախագիծը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ՝ երթեւեկությանը հետեւող տեանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործարկման հետագա նպատակահարմարության, կամ դրանց գործունեությունը ճանապարհային երթեւեկության կարգապահության եւ անվտանգության տեսակետից արդյունավետ դարձնելու հարցերի քննարկումից առաջ»:

Այսպիսով, նշված նախագիծը առնվազն լավ առիթ պիտի դառնա, որպեսզի լրջորեն քննարկենք, թե ինչպես պետք է ազատվենք արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների անընդունելի հարստահարումից:

Հ.Գ. Նախագիծը լրամշակելու վերաբերյալ առաջարկություններ ունենալու դեպքում խնդրում եմ ինձ գրել nikolpashinyan@parliament.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

Դիտվել է 115 անգամ
 


Այս թեմայով