«Վեոլիա ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում 10 մլն դրամով տուգանել է «Վեոլիա ջուր» ընկերությանը:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 21-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ընկերությունը 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքում խախտել է կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։

««Վեոլիա ջուր» ընկերությունը հանձնաժողովի համապատասխան որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերի խախտման համար երեք անգամ, որոնցից երկուսը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի: Սա արդեն 4-րդ տուգանքն էր», – ասաց ՀԾԿՀ մոնիթորինգի և զարգացման վարչության պետ Սերգեյ Աղինյանը:

Նույն նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց մեկ այլ որոշում և նախազգուշացում կիրառվեց Գազպրոմ Արմենիա ընկերության նկատմամբ, քանի որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, որոշեց՝ սահմանված ժամկետի խախտմամբ Տեղեկատվության ներկայացման համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը միայն նախազգուշացրեց:

Այս թեմայով