Վեճ և կրակոցներ Մալաթիայում

Հունիսի լույս 26-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն և կրակոցներ են։ 

Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում ապրող 38-ամյա մի տղամարդ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության մի շարք սորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ Շահումյան 4-րդ փողոցում վեճ է տեղի ունեցել հարևանների միջև։ Նախնական տվյալներով՝ վեճի ընթացքում Հրաչյա Գուլակյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, եղբոր հրացանով կարկոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ 38-ամյա տղամարդը մարմնական վնասվածք է ստացել։
Քրեական հետախույզները 24-ամյա Գուլակյանին հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հայտնաբերվել և առգրավվել է նաև որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա արնանման հետքեր կային։ «Մերսեդեսը» բախվել էր տներից մեկի պարսպին։ Դեպքի հետ վթարի առնչությունը դեռևս պարզվում է։
Կատարվածի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Այս թեմայով